կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խոսք ոչ թե գողության մասին է, այլ շահառուների խարդախության, ու դրա համար պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել․ Քերոբյանը

Խոսք ոչ թե գողության մասին է, այլ շահառուների խարդախության, ու դրա համար պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել․ Քերոբյանը

Կառավարության նիստում անդրադարձ է եղել ինտենսիվ այգիների հիմնադրման ծրագրերում հայտնաբերված խախտումներին։

«Կառավարության գործը պետք է իրավապահ մարմինների գործից տարբերենք։ Մենք մեր ֆինանսավորումը պետք է շարունակենք, իհարկե, գնալով ընթացակարգերի լավարկման։ Իրավապահներն էլ թող իրենց գործն անեն։ Ով գողանում է այդտեղից, թող գնա, պատասխանատվություն կրի։ Եթե մեկ-երկու, թեկուզ տասը ընկերության պատճառով պետք է այդ ոլորտը Հայաստանում ոչնչացնենք, նշանակում է՝ երկրի ապագան ենք ոչնչացնում․ չի կարելի նման բան անել։ Հետևաբար, առաջարկում եմ՝ կառավարության և իրավապահ մարմինների աշխատանքի բաժանում անել»,- ասել է վարչապետը։ 

Նա նշել է, որ չպետք է ինտենսիվ այգիների ոլորտում չարաշահումների պատճառով ողջ ծրագիրը փակել. «Լավ, ենթադրենք՝ 7 հազար չի հիմնադրվել, բայց 6 հազար, 5 հազար հիմնադրվե՞լ է, 4300 հիմնադրվե՞լ է։ Դա մեր նպատակն է, մնացածով թող զբաղվեն իրավապահները»,- ասել է նա։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասել է, թե ինտենսիվ այգիների ծրագրով 100 մլրդ դրամի մոբիլիզացիա է եղել, իսկ վերջերս իրավապահների հայտնաբերված խախտումները վերաբերում են «ընդամենը 234 մլն դրամի» խախտման, որ ընդհանուր ծավալի 0,2%–ն է․ «Սովորական բանկերը, որ վարկավորում են անում, 2-3% դնում են, որ այդքանը կորչի։ Այստեղ չարաշահումները, որոնց մասին խոսք է գնում, ոչ թե գողության մասին է, այլ շահառուների խարդախության, ու եթե դրա համար պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել, կամ ապացուցված չէ, որ գողացել են, ստացվում է՝ պարալիզացնում ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը»,- ասել է նա։ 

Նախարարը նաև հարց է բարձրացրել՝ գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ ինչպես շարունակենք աշխատել, որ վստահ լինենք՝ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու․ «Կարծում եմ՝ մշակութային փոփոխություն պետք է անել. հասկանալ՝ թո՞ւյլ ենք տալիս, որ մարդիկ սխալներ թույլ տան երբեմն։ Չնայած, այս պարագայում, վստահ եմ, կպարզվի, որ այդպիսի սխալներ էլ չկան առանձնապես»,- ասել է Քերոբյանը։

Վարչապետն էլ արձագանքել է, որ այդ հարցը տարբեր առիթներով քննարկել են. «Պետական միջոցների գողություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Ընթացակարգի խախտումը ուրիշ բան է, բայց պլանավորված չարաշահումը կամ յուրացումը, կաշառքը՝ այլ բան»։

Վարչապետը շեշտել է, որ հարցն այն է՝ բյուջեից փող տարվե՞լ է, թե՞ չէ. «Եթե չի տարվել, դա սխալվելու իրավունքն է։ Բոլորս էլ իհարկե սխալվում ենք, բայց հարցը սխալի բովանդակությունն ու էությունն է, հետևաբար, այդ սկզբունքով պետք է առաջնորդվել»։

  • Կիսվել: