ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խոշորացումներ են նախատեսվում Լերմոնտովո համայնքում և Իջևան քաղաքում

Խոշորացումներ են նախատեսվում Լերմոնտովո համայնքում և Իջևան քաղաքում

Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Լոռու և Տավուշի մարզում համայնքների միավորումներ կատարել: Մասնավորապես, նախատեսվում է խոշորացումներ անել Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում և Տավուշի մարզի Իջևան քաղաքում։

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ առաջարկում են Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ընդգրկել Լերմոնտովո գյուղը և Անտառաշեն գյուղը` որպես բնակավայրեր, իսկ Տավուշի մարզի Իջևան համայնքում ընդգրկել Իջևան քաղաքը, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշտառակ, Ծաղկավան, Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն գյուղերը:

«Այս միավորման արդյունքում կունենանք երկու միավորված համայնքներ` թվարկված նախկին համայնքների փոխարեն: Դրանք միավորված համայնքների մեջ կընդգրկվեն բնակավայրի կարգվիճակով` օրենքով նախատեսված բոլոր լիազորություններով և կարգավորումներով հանդերձ»,- նշեց փոխնախարարը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հետքրքրվեց, թե խոշորացման վերաբերյալ լսումներ եղե՞լ են, որպեսզի մարդիկ իրենց ձայնը բարձրացնեն, կողմ կամ դեմ լինելու վերաբերյալ, Վաչե Տերտերյանն ասաց, որ հանդիպումներ են ունեցել համայնքի բնակիչների ու ղեկավարների հետ։

Նշվեց նաև, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Լոռու մարզի Լերմոնտովո և Տավուշի մարզի Իջևան միավորված համայնքներում կնշանակվեն ընտրություններ, ներկայիս համայնքների ՏԻՄ լիազորությունները օրենքով կհամարվեն դադարեցված:

 

 

 

 

 

  • Կիսվել: