հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խոշոր ու  շղթայական ավտովթար Երևանում. «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել են Mercedes-CLS-ը, BMW-325-ը, Nissan Fuga-ն, Peugeot-ն ու Opel Astra-ն. կան վիրավորներ

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել են Mercedes-CLS-ը, BMW-325-ը, Nissan Fuga-ն, Peugeot-ն ու Opel Astra-ն. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 20:40-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց և նրան հարակից կամրջի տակ բախվել են Mercedes-CLS, BMW-325, Nissan Fuga, Peugeot և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Երևանի տարբեր հիվանդանոցներ:   Հրշեջ-փրկարարները հասանքազրկել են ավտոմեքենաները, և փակել այն ավտոմեքենաների գազաբալոնները, որոնք եղել են այդ ավտոմեքենաներում:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:  

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Մկրտչյանն ու պարեկ Աշոտ Օհանյանը, քանի որ վթարի հետևանքով խցանում էր առաջացել և երթևեկությունը դարձել էր դանդաղընթաց:   Բախումից ավտոմեքենաներից մեկն էլ հայտնվել էր բաժանարար գոտում:   Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:   Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:   

  • Կիսվել: