Խոշոր հրդեհ Երևանում հայտնի կահույքի սրահներից մեկում. ծուխն ու կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից
Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30–ի սահմաններոմ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ կահույքի խանութ-սրահի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք: Ժամանել է նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հատուկ փրկարարական աշխատանքներ կատարող օպերատիվ խումբը
Տարածքը սահմանազատել են պարեկները՝ 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ: Տանիքում առաջացած կրակի դեմ պայքարում են նաև խանութի աշխատակիցները: Oպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեն տուժածներին: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: