երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Խոշոր ավտովթար Շիրակի մարզի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում. «Nissan Tiida»-ն մոտ 50 մետր՝ ապառաժ քարերին բախվելով կողաշրջված հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Շիրակի մարզի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում. «Nissan Tiida»-ն մոտ 50 մետր՝ ապառաժ քարերին բախվելով կողաշրջված հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Բավրա-Գյումրի ավտոճանապարհի՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մոտ 50 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը, առաջին բուժօգնություն ստանալուց հետո, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել Շիրակի մարզի գումարտակի պարեկները։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշոցքի թիվ 50 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր քաղաքացիների, պարեկների և բժիշկների օգնությամբ վիրավորներին մեծ դժվարությամբ պատգարակներով դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Աշոցքի բաժնի պետը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար Արեստակես Պողոսյանի, դասակի հրամանատարի տեղակալ Աղասի Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն դասակի ավագ պարեկ Տիգրան Ղազարյանն ու պարեկ Սամսոն Աղեկյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ վթարի վայրը ոլորապտույտ հատված է և մինչ պարեկների ժամանումը հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին և ստեղծվել էր մոտ 1 կմ-անոց խցանում։ Պարեկների ժամանումից մի քանի րոպե անց երթևեկությունը կարգավորվեց։

Վթարի մասին ոստիկանության Աշոցքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ռ. Խաչատրյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, ում հանձնարարականով էլ ավտոմեքենան պետք է վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Աշոցքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: