Պետք է հասկանալ՝ Նաիրի Հունանյանին ով էր ֆանատիկ դարձրել, ինքը դրանից առաջ էլ Թուրքիայում էր եղել. Քոչարյան
Այն, ինչը ես այդ օրերից տեսել եմ ու նաև հաշվի առնելով դրա իրականացնողի տեսակը ու խառնվածքը, երևում է, որ մարդը ֆանատիկ էր, և իրեն թվում էր, թե ինքը մի հատ մեծ ու կարևոր գործ է անում, երկիր է փրկում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 27–ի ոճրագործության հեղինակ Նաիրի Հունանյանին։
«Մենք շատ ժամանակ նորմալ տրամաբանությամբ փորձում ենք վերլուծել ինչ-որ մարդկանց, որոնք նորմալ հոգեկան վիճակում չեն։ Իմ տպավորում, շատ ժամանակ նաև Նիկոլ Փաշինյանին ենք մենք փորձում նորմալության տիրույթում վերլուծել, որը միշտ չէ, որ իր բացատրությունը ունենում է։
Ինձ մոտ այն տպավորություն է, որ Նաիրի Հունանյանին թվում էր, որ դրանից հետո պետք է ժողովուրդը հավաքվի ու իրեն ողջունի իր այդ արածի համար։ Այսինքն ինքը ֆանատիկ էր, ով իր մտածելով անում էր ինչ-որ կարևոր բան, ինչը իհարկե իրականության մեջ մեր պետականության քայքայման գործառույթ էր։
Կարելի է մյուս հարցը քննարկել, թե ով է իրեն այդ վիճակին հասցրել, ինչ հանգամանքներում է ինքը այդ մտքին եկել։ Շատ ժամանակ մարդ կարող է չմտածի էլ, որ դա անում է ինչ-որ մեկի թելադրանքով։ Այսինքն համապատասխան մարդուն գտնում են, որ այդ ֆանատիկ հակումները ունի ու փորձում են դա իրականացնել։ Եթե չեմ սխալվում, ինքը նաև Թուրքիայում է երկար ժամանակ անցկացրել»,–ասաց նա։



