Արփինե Սարգսյանն Իտալիայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի նախարարների հետ
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Իտալիայում անցկացված Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի (ECAD) միջազգային գագաթնաժողովի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Հանդիպումներին մասնակցել է նաև Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Ֆրանսիայի ներքին գործերի պատվիրակ նախարար Մարի-Պիեռ Վեդրենի հետ զրույցում կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին, մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի կարողությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը։ Կարևորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությունը, այդ թվում՝ իրավապահ աշխատանքի և կախվածությունների բուժման ոլորտներում փորձի փոխանակումը։
Միացյալ Թագավորության առողջապահության և սոցիալական ապահովության պետական նախարար Դայանա Ջոնսոնի հետ հանդիպման առանցքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ անչափահասների ներգրավման կանխարգելման և նրանց պաշտպանությանն ուղղված միջոցառումներն էին։ Անդրադարձ է եղել բրիտանական կողմի մշակած արձանագրությամբ նախատեսված ընթացակարգերին, և պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման վերաբերյալ։
Մոլդովայի ներքին գործերի նախարար Դանիելլա Միսաիլ-Նիչիտինիի հետ հանդիպմանը կողմերը դիտարկել են կազմակերպված հանցավորության, հիբրիդային սպառնալիքների և կիբեռհանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել կրիպտոարժույթների օգտագործմամբ կատարվող հանցագործությունները բացահայտելու կարողությունների զարգացմանը։ Նախարարներն անդրադարձել են նաև երկու երկրների ներքին գործերի նախարարությունների կրթական հաստատությունների համագործակցությանը։




