ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են հրշեջ և շտապօգնության ավտոմեքենաները. շտապօգնության վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են հրշեջ և շտապօգնության ավտոմեքենաները. շտապօգնության վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաթումի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 33-ամյա Նարեկ Հ.-ի վարած Isuzu մակնիշի և 54-ամյա Վահան Ե.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահան Յ.-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Կարինե Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և Ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։

Վթարի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով Isuzu-ն հաշվառված է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հաշվեկշռում, իսկ Toyota-ն հաշվառված է Վանաձոր բժշկական կենտրոնի հաշվեկշռում։ Isuzu-ի վարորդ Նարեկ Հ.-ն աշխատում է Լոռու մարզի Փրկարարական ջոկատում, իսկ Toyota-ի վարորդ Վահան Յ.-ն աշխատում է Վանաձորի շտապօգնությունում՝ որպես վարորդ, իսկ վիրավոր Կարինե Ս.-ն աշխատում է Վանաձորի շտապօգնությունում՝ որպես բուժքույր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենան, ով կարմիր լույսի առկայությամբ հատել է փողոցը, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո տեղի է ունեցել բախումը։ Այս տեղեկությունը ոստիկանությունը, պարեկային ծառայությունն ու Լոռու մարզային քննչական վարչությունը պարզում են։

  • Կիսվել: