Ջրային կոմիտեի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչները քննարկել են ջրային ոլորտում մասնագիտական կրթությանը վերաբերող հարցեր
ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը հանդիպել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանի հետ՝ քննարկելու ջրային ոլորտում մասնագիտական կրթության, կադրերի պատրաստման և գիտակրթական համագործակցության զարգացման հնարավորությունները, հայտնում են կոմիտեից։
Ջրային կոմիտեի նախագահը, ներկայացնելով համագործակցության հնարավոր շրջանակը, կարևորել է ոլորտի կարիքներին համապատասխան մասնագիտական կադրերի պատրաստումը, երիտասարդ մասնագետների հմտությունների զարգացումը և կրթություն–գիտություն–պրակտիկա կապի ամրապնդումը։
Այս համատեքստում առանձնացվել են համագործակցության մի շարք ուղղություններ՝ ջրային ոլորտի պահանջարկից բխող կարճաժամկետ և նեղ մասնագիտական ծրագրերի համատեղ մշակում և իրականացում, ուսանողների գործնական ուսուցման հնարավորությունների ընդլայնում, մասնագիտական ու թեմատիկ հանդիպումների կազմակերպում, ինչպես նաև ոլորտի համար արդիական գիտական և կիրառական հետազոտությունների խթանում։
Համալսարանի ռեկտորը ներկայացրել է ջրային ոլորտին առնչվող մասնագիտական կրթական ծրագրերն ու համալսարանի հնարավորությունները։ Մասնավորապես, ներկայացվել են «Հողային և ջրային ռեսուրսների կառավարում» մասնագիտության բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերը։ Քննարկվել է նաև ոլորտի կարիքներին համապատասխան համատեղ նեղ մասնագիտական դասընթացների մշակման և համապատասխան մասնագիտությունների ուսանողներին ջրային ոլորտի կառույցներում մասնագիտական ու գործնական փորձառության հնարավորություն ընձեռելու հարցը։
Համագործակցության հնարավոր ուղղությունների թվում դիտարկվել է նաև Ջրային կոմիտեի ներկայացուցչի ներգրավումը Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետին կից Արդյունաբերական խորհրդի կազմում, ինչը հնարավորություն կտա ոլորտի գործնական կարիքներն ու մասնագիտական պահանջներն առավել անմիջականորեն ներկայացնել կրթական գործընթացում։
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները՝ համագործակցության կոնկրետ ուղղություններն ու հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։ Անդրադարձ է կատարվել նաև ձևավորվող համագործակցությունն ամրագրող հուշագրի հնարավոր կնքմանը։



