չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Toyota corolla-ն և Hyundai-ն, վերջինս էլ բախվել է երկաթե ճաղավանդակին․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Toyota corolla-ն և Hyundai-ն, վերջինս էլ բախվել է երկաթե ճաղավանդակին․ կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Երևանի վարչական տարածքում, բախվել են Toyota corolla, Hyundai մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Բախման հետևանքով Hyundai-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին՝ կոտրելով այն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Ժիրայր Խանջյանն ու Գրետա Նոբելյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: