կիրակի, մայիս 22
22 / 5 / 2022
Խորհրդարանը քննարկում է ՀՌՀ անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը

Խորհրդարանը քննարկում է ՀՌՀ անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը

ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հակոբ Հակոբյանի թեկնածությունը:

Թեկնածուին ներկայացրեց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Թեկնածուն իր ելույթում ասաց. «Ես կարծում եմ՝ այն ճանապարհը, որով այժմ անցնում է ՀՀ-ն, առանձնահատուկ ուշադրություն պետք է նվիրվի մեդիա դաշտին՝ հենց թեկուզ այն պատճառով, որ բազմիցս և բազմաթիվ մասնագետների կողմից նշված է, որ տեղեկատվությունը հասարակության, ինչպես նաև պետության բերանն է, նաև ականջը»,-նշեց Հակոբյանը:

Անդրադառնալով տեսալսողական դաշտի իր պատկերացումներին՝ նա ասաց. «Այսօրվա մեր բոլոր իրողությունները՝ թե քաղաքական, թե հասարակական, տեղավորված են այդ դաշտում: Քաղաքական իմաստով ես առանձնապես մեծ խնդիրներ չեմ տեսնում»:

Անդրադառնալով մեդիա դաշում իր նկատած խնդիրներին՝ նա նշեց. «Հեռուստատեսության մեջ մի շարք ալիքներ, չնայած կոռեկտությանը, չնայած նրան, որ տեղեկատվական դաշտի իրենց խնդիրները կատարում են, սակայն ստեղծվել են կամ կուսակցությունների, կամ կուսակցական լիդերների, կամ կուսակցական հնարավորությունների սահմաններում»,-ասաց նա:

  • Կիսվել: