երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խորհրդարանում նշվել է Գիրք նվիրելու օրը

Խորհրդարանում նշվել է Գիրք նվիրելու օրը

Փետրվարի 19-ին Հայաստանում եւ Արցախում 2008 թվականից նշվում է Գիրք նվիրելու օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:

Գեղեցիկ եւ յուրօրինակ տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ ու հանդիպումներ հայտնի գրողների հետ, անցկացվում են գրքի քննարկումներ: Տոնից անմասն չի մնում նաեւ խորհրդարանը. յուրաքանչյուր տարի այստեղ ավանդաբար գրքեր են նվիրում ու ստանում:

Օրվա առթիվ օրենսդիր մարմին  էին այցելել Երեւանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Խորհրդարանի հյուրընկալ գրադարանում նրանց դիմավորել, ընթերցանության կարեւորությանն են անդրադարձել ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները: Միջոցառումն անցել է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, պատգամավորներն ու աշակերտները գրքախառնվել են, ասմունքել Հովհաննես Թումանյանի քառյակներից:

Խորհրդարանի փոխնախագահ,  ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն ընդգծել է կրթության կարեւորությունը` պատանիներին հորդորելով անդադար սովորել եւ չդադարել երազել, իսկ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հավելել է` այսօր պետության կողմից արվում է ամեն ինչ` ստեղծելու համար այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կկարողանան ստանալ բավարար կրթություն` իրենց երազանքներն իրականացնելու եւ պետությունը զարգացնելու համար:

«Ասա` ինչ գրքեր ես կարդում, կասեմ,  թե ով ես դու», հայտնի ասացվածքը ձեւափոխելով` ասել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը` ընդգծելով ճիշտ գրքեր ընթերցելու կարեւորությունը:  «Ինչպես ընտրում եք ընկերներ, այնպես էլ ընտրեք գրքեր»,- պատանիներին հորդորել է նա:

«Ամեն  ինչ, ամեն  լավը, ինչ կա աշխարհում, մարդիկ փորձել են զետեղել գրքերում: Այն, ինչը որ դուք հետագայում փորձելու եք ստեղծել, այդ ամենի հիմքը գիտելիքն է, ինչն ամփոփված է գրքերում»,- նկատել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում:

Նշենք, որ Գիրք նվիրելու տոնն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին:

  • Կիսվել: