ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խնդրում ենք կրկնապատկել զգոնությունն ու կարգապահությունը. Փաշինյան

Խնդրում ենք կրկնապատկել զգոնությունն ու կարգապահությունը. Փաշինյան

Այսօր կորոնավիրուսի վարակի դեպքերի թվի նվազմանը զուգահեռ աճում է դիմակ չկրող և տուգանվող քաղաքացիների թիվը։ Այսօր կառավարության արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ թվերի նվազման մասին ուղերձը մեր քաղաքացիները չափից ավելի լավատեսորեն են ընդունու։ Եթե մենք հիմա այս իրավիճակը ճիշտ չգնահատենք, կարող ենք հետ գլորվել հուլիսի իրավիճակին: Մենք այսօր այս խնդիրն արմատապես լուծելու շանս ունենք: Մենք տեսնում ենք, որ աշխարհի որոշ երկրներում, այսպես ասած, երկրորդ ալիք է սկսվել: Նույնիսկ կան երկրներ, որոնք հայտարարել էին կորոնավիրուսը հաղթահարելու մասին, սակայն այսօր էլի վերադարձել են սահմանափակումներին»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ անցնելով այս դժոխքի միջով, ունենալով 800 մահ բուն կորոնավիրուսից ու 234 մահ՝ այլ պատճառով, բայց կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում, շանս կա աշնանը գտնվել հաղթահարած վիճակում, անկախ նրանից, թե Հայաստանում ինչ կկատարվի:

«Դա կլինի այդպես, եթե մենք մեր ռազմավարությունը ճիշտ շարունակենք իրագործել՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ: Պետք է բացառիկ կարգապահություն ցուցաբերենք դիմակ կրելու հարցում: Եթե դա անենք կարող ենք համարել, որ գործնականում կորոնավիրուսի հետ կապված խնդիրը լուծել ենք: Եթե ոչ, վերադառնալու ենք հուլիսի մակարդակին»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը նաև ընդգծեց, որ առողջապահական համակարգը պատրաստ է նման սցենարի, քանի որ հզորությունները հասցվել են այդ մակարդակի. «Ես գիտեմ, որ տուգանքների մասով դժգոհություններ կան: Դրա համար կա շատ պարզ ձև՝ պետք է դիմակ կրել ու չտուգանվել: Կրիր դիմակ ու մի տուգանվիր, մինչև պատվաստանյութի հարցը կլուծվի:

Մեր թիվ մեկ գործընկերը քաղաքացին է, ում խնդրում ենք կրկնապատկել զգոնությունն ու կարգապահությունը: Ժամանակը ցույց տվեց, որ կարգապահությունն արդյունք է բերում: Պետք չէ սեփական ձեռքերով քանդել սեփական ստեղծած արդյունքը»։

 

 

  • Կիսվել: