հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԿԳՄՍ նախարարը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԿԳՄՍ նախարարը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, կարևորել է հայ-գերմանական կրթական, գիտական, մշակութային ու սպորտային ոլորտներում համագործակցության արդյունավետ շարունակությունը:

Նա նաև նշել է, որ Հայաստանը համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու լայն օրակարգ ունի։

ԿԳՄՍ նախարարը, մատնանշելով Գերմանիայի արդյունավետ փորձը հատկապես կրթության ոլորտում, կարևորել է ՀՀ հանրակրթական դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցման, ուսուցիչների վերապատրաստման իրականացումը:

Ժաննա Անդրեասյանն առաջնահերթ է համարել միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող հայ-գերմանական համագործակցության ծրագիրը, որի արդյունքում ՀՀ ՄԿՈւ մի շարք հաստատություններում ներդրվել է դուալ կրթությունը:

Կողմերը քննարկել են նաև միջբուհական համագործակցության զարգացման հարցը՝ կարևորելով դասախոսների, երիտասարդ գիտնականների, ուսանողների փոխանակման և կրթահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հարցերը:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտության ոլորտում ևս համագործակցության դինամիկ զարգացում է նկատվում, որի վկայությունը հայ գիտնականների գիտական մի շարք հոդվածների տպագրությունն է գերմանական հայտնի ամսագրերում:

Անդրադարձ է եղել նաև Գերմանական ակադեմիական փոխանակման կենտրոնի (DAAD) աջակցությամբ իրականացվող ծրագրերի, Երևանում «Գյոթե կենտրոնի» գործունեության ընդլայնման կարևորության մասին:

ԿԳՄՍ նախարարը փաստել է, որ համագործակցությունը մշակույթի ոլորտում նույնպես արդյունավետ է ընթանում. իրագործելի են թե՛ կինոարվեստի, թե՛ երաժշտության ոլորտում փոխգործակցության հեռանկարները:

Դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պատրաստակամության համար:

Նա բարձր է գնահատել հայ-գերմանական համագործակցության շարունակությունը նշված ուղղություններով՝ ընդգծելով, որ պատրաստ է աջակցել նախանշված ծրագրերի արդյունավետ իրագործմանը:

Դեսպանն ու նախարարը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

  • Կիսվել: