շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԿԳՄՍՆ-ն հայտարարեց արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության մեկնարկի մասին

ԿԳՄՍՆ-ն հայտարարեց արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության մեկնարկի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թ. մարտի 15-ից հայտարարեց արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների  կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության մեկնարկի մասին: 

2023 թվականից սկսած՝ կամավոր ատեստավորմանը կմասնակցեն պետական և համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո մարզաձևերի, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի, երաժշտության տեսություն սոլֆեջո և երաժշտական գրականություն դասավանդող մանկավարժական աշխատողները: 

Ատեստավորմանը կարող է մասնակցել նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, որը լրավճար կարող է ստանալ որևէ արտադպրոցական ուսհաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից: Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած:  

«Մենք առողջ սերունդ կրթելու խնդիր ունենք: Եթե մենք հենակետային մարզաձևերում այսօր մարզչի խնդիր չունենք, ապա շատ մարզաձևերում բարձր որակավորում ունեցող վերապատրաստված մասնագետների կարիք կա: Մենք պետք է ամեն ինչ անենք բարձր կարգի մարզիչներ ունենալու համար: Այս ատեստավորումը շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մարզիչները նախ ստուգեն իրենց գիտելիքները, բացի այդ մարզիչները կարողանան հավելյալ գումար ստանալ: Սպասում ենք մոտավորապես 200 հայտ»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղական Կարեն Գիլոյանը

2024 թվականից սկսած՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենան նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական  աշխատողները: 

«Տասնամյակներ շարունակ մենք ուղղակի անտեսել ենք այս կրթական համակարգը և վարկաբեկել ենք երաժշտական և արվեստի դպրոցները, որի հետևանքով դրանք դուրս են մնացել քաղաքացիների պահանջարկի տրամաբանությունից: Եթե այս համակարգը չբարեկարգվեց, մենք, ըստ էության, չենք կարող խոսել կատարյալ կոնսերվատորիա ունենալու մասին: Կոնսերվատորիայի ներկան և ապագան ապահովելու են արվեստի և երաժշտական դպրոցները: Մասնագետների պակաս ունենք: Ես լիահույս եմ, որ սրանով ոլորտի հանդեպ հետաքրքրությունը կմեծանա»,-նշեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: 

Հաշվի առնելով, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են ըստ տարբեր համայնքների՝ կախված դրանց  բյուջեներից, սահմանվել է ամրագրված լրավճար հետևյալ տրամաբանությամբ՝ ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138.300  դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար հարկերը և  տուրքերը հանած 100.000 դրամ,   ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111.500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. հարկերը  և տուրքերը հանած՝ 80.000 դրամ, ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80.600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար հարկերը և տուրքերը հանած՝ 60,000 դրամ:  

«Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը պետք է ներկայացնեն «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» էլեկտրոնային եղանակով /at.emis.am/` մինչև ապրիլի 9-ը՝ ժամը 18:00-ն: Կցելով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝ հայտ ներկայացնողը նույն էջում էլեկտրոնային եղանակով կստանա ծանուցում հայտի գրանցված լինելու մասին: Նախարարությունը կթողարկի նաև իրազեկող հոլովակ՝ հաջորդական քայլերի և դիմելու ընթացակարգի մասին, որը կտրամադրվի ԶԼՄ-ներին»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։  

Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել ապրիլի 29-30-ը:  Ատեստավորումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից: Փոխնախարարների խոսքով՝ դրանք բավականին դյուրին են: Ատեստավորումը հաղթահարած մանկավարժները մայիսից արդեն կստանան լրավճարներ, որոնք կհաշվարկվեն նաև ապրիլի համար:  

Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։ Կամավոր ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ:  

Մանկավարժական աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին: 

ՀՀ կառավարության որոշմամբ արտադպրոցական ուսհաստատություններում աշխատաժամանակի տևողությունը սահմանվել է շաբաթական 20 ժամ մանկավարժական աշխատանքի դրույքաչափի համար՝ բացառությամբ մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների: Վերջիններիս աշխատանքի և հանգստի առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան կազմակերպության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով:

  • Կիսվել: