երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԿԳՄՍ նախարարության պարգևների են արժանացել ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ

ԿԳՄՍ նախարարության պարգևների են արժանացել ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ

ՀՊՄՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ բուհի գործունեության մեջ ունեցած ավանդի համար արժանացել են ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի և պատվոգրերի:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ստորաբաժանումների ղեկավարներ, ուսանողներ, հյուրեր:

Միջոցառումը մեկնարկել է ՀՀ և ՀՊՄՀ օրհներգերով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ուսանողների հիշատակը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է բուհի մեկդարյա հոբելյանը և ընդգծել՝ նախորդ օրն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած համերգ-միջոցառմամբ համալսարանը սահմանեց նոր որակ և նշաձող․ «Մանկավարժականում աշխատելը կամ բուհի հետ որևէ առնչություն ունենալը մեծ պատիվ է։ Հոբելյանական միջոցառումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ բուհն առաջ է գնում, արարում է նորովի՝ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ ունենալու համար»։

Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներ է հանձնել ՀՊՄՀ օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանին, աշխատակազմի և միջազգային հարցերով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանին, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանին, Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Կարեն Հայրյանին, Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանին, Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Ռուզան Թադևոսյանին, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանին, Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լեմս Ներսիսյանին, Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ևս պարգևատրել է մանկավարժության ոլորտի լավագույններին։ Նախարարի տեղակալը նախարարության պատվոգրերը հանձնել է պրոֆեսորներ Ռոբերտ Ջիջյանին, Իգոր Կարապետյանին, Շողիկ Ոսկանյանին, Արամ Քոսյանին, Անուշ Եղիազարյանին, պրոֆեսորի պաշտոնակատարներ Սուսաննա Փիլոսյանին, Վարուժան Հովհաննիսյանին, Անահիտ Լալաբեգյանին, դոցենտ Լուսինե Պողոսյանին, բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Տեր-Գրիգորյանին։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, մեկ անգամ ևս շնորհավորելով բուհի հոբելյանը, նշել է՝ հպարտ է, քանի որ իրեն է բախտ վիճակվել կազմակերպել մեկդարյա բուհի հոբելյանի պատվավոր գործընթացը, որը տարատեսակ ձեռնարկներով կշարունակվի մինչև տարեվերջ:

«100-ամյա պատմության ընթացքում արդեն ձևավորված մեթոդներն ու մոտեցումները պարտավորեցնող են․կան սահմանված նշաձող, խնդիրներ, որոնք լուծվում են։ Դուք արժանի եք ամենաբարձր պարգևների, դուք վաղվա օրվա կերտողներն եք, ապագայի ճարտարապետները, որոնք կրթում և այսօրվա սերնդին են փոխանցում 100-ամյա ավանդույթներով լի համալսարանի առաքելությանը համահունչ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, արժանապատիվ կեցվածք»- նշել է Սրբուհի Գևորգյանը։

Պարգևատրման արարողության ընթացքում համերգային կատարումներով հանդես է եկել «Բերդ» պարային անսամբլը. գեղարվեստական ղեկավար, ՀՊՄՀ պարարվեստի մանկավարժության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյան։

  • Կիսվել: