ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի ամփոփիչ նիստ է արել․ առաջիկայում կձևավորվի նոր խորհուրդ

ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի ամփոփիչ նիստ է արել․ առաջիկայում կձևավորվի նոր խորհուրդ

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի ամփոփիչ նիստը տեղի է ունեցել առցանց ձևաչափով: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ սա ամփոփիչ հանդիպումն է, և առաջիկայում կձևավորվի նոր խորհուրդ: Նա շնորհակալություն է հայտնել այս ընթացքում արված կառուցողական առաջարկների, դիտարկումների և պատրաստակամության համար. «Սա մեր առաջին փորձն էր, որից դասեր ենք քաղել թե՛ դուք, թե՛ մենք: Եվ մենք կփորձենք հետագայում ավելի արդյունավետ ձևաչափերի մասին մտածել»:

Քննարկման նպատակով նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է 2 թեմա՝ դիմորդների՝ 2023 թ.-ից տարվա մեջ 2 անգամ ընդունելության քննություն հանձնելու և ավարտական քննությունների ձևաչափի փոփոխության, օրինակ՝ գրականության քննությունը նախագծային աշխատանքներով հանձնելու վերաբերյալ: Աշակերտները ներկայացրել են նախարարության ներկայացրած նախագծերի, քննությունների անցկացման վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտողությունները:

Առաջին հարցի վերաբերյալ խորհրդի անդամները հիմնականում արձանագրել են, որ տարվա մեջ 2 անգամ քննություն հանձնելն աշակերտներին որոշակի փորձառություն կտա նաև քննական շրջանի հոգեբանական լարվածությունից խուսափելու առումով: Սակայն, ըստ որոշ անդամների, հնարավոր են որակյալ դիմորդների պակասի ռիսկեր, ինչին ի պատասխան՝ Ժ. Անդրեասյանը հավելել է, որ բոլոր ռիսկերը դիտարկվում են, և հետագայում կլինեն նաև ավելի լայն քննարկումներ:

Երկրորդ հարցի առնչությամբ, ըստ Ժ. Անդրեասյանի, քննության նոր ձևաչափը հնարավորություն կտա խորամուխ լինել որևէ թեմայի մեջ և խուսափել ծավալուն նյութերը, թվային տվյալներն ու անունները ժամանակավորապես անգիր անելու հանգամանքից: Խորհրդի անդամների մեծ մասը դրական է արտահայտվել առաջարկի վերաբերյալ՝ այն համարելով մեխանիկական անգիրներից խուսափելու և վերլուծական միտքը զարգացնելու լավ միջոց: Որոշ անդամների կարծիքով էլ՝ արդարության և հեղինակային իրավունքի խախտման տեսանկյունից նոր ձևաչափը ռիսկային է: Ժաննա Անդրեասյանը պատասխանել է, որ այդ խնդիրը կա նաև բուհական համակարգում, և այն պահանջում է հիմնարար լուծում:

Խորհրդի անդամներն առաջարկել են նոր ձևաչափը կիրառել ոչ միայն «Գրականություն», այլև «Պատմություն» առարկայի քննության ժամանակ՝ պատմական իրադարձությունների վերլուծությամբ:

Ամփոփելով նիստը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, մաղթել է հաջողություն, նոր ձեռքբերումներ, իսկ խորհրդի անդամներն առաջիկայում ձևավորվող նոր կազմին մաղթել են արդյունավետ գործունեություն:

  • Կիսվել: