չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԿԳՄՍ և Ֆրանսիայի մշակույթի նախարարները քննարկել են ԱՀ մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը

ԿԳՄՍ և Ֆրանսիայի մշակույթի նախարարները քննարկել են ԱՀ մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն  ու  Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության  պաշտպանության հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ հոկտեմբերի 26-ին Մատենադարանում Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Այս թեման այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից էր, որի մասին մենք շարունակելու ենք խոսել այցի օրերի շրջանակներում։ Պետք է փորձենք գտնել միջազգային այն գործուն մեխանիզմները, որոնք կօգնեն թե բարձրացնել իրազեկվածությունը, և թե դրանով իսկ կօգնեն բարձրացնել նաև պաշտպանվածությունը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը՝ կարևորագույն խնդիրներից համարելով  ԼՂ-ում մշակութային ժառանգության վտանգվածության հարցը։

Նա ընդգծեց, որ 2020 թվականից ի վեր չի հաջողվում միջազգային առաքելություն ուղարկել, որը կկարողանար փաստագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը ԼՂ-ում, և այս խնդիրն էլ ավելի է սրվել բռնի տեղահանումից հետո։

«Հինգ հազարից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են ԼՂ տարածքում, և այս արժեքների պաշտպանությունը մեր ամենակարևոր խնդիրներից է»,-շեշտեց Անդրեասյանը՝ կարևորելով նաև վտանգված ոչ նյութական մշակութային ժառանգության խնդրի լուծումը։

  • Կիսվել: