կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան 40-րդ օրվա

Կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան 40-րդ օրվա

Օգոստոսի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան 40-րդ օրվա։ Այս մասին տեղեկանում ենք qahana.am-ից։

Արարողությանը ներկա էին ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը` տիկնոջ և զավակների հետ, Հովհաննիսյան ընտանիքի հարազատները, գործընկերն ու ծանոթները։

Արարողության ավարտին Սրբազան հայրը Ռիչարդ Հովհաննիսյանի հիշատակի իր խոսքում նշեց. «Այսօր մեզ ի մի է բերել մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկի՝ Ռիչարդ Հովհաննիսյանի խնկելի ոգե­կո­չումը:
Քառասուն օր առաջ Լոս Անջելես քաղաքում իննսուն տարեկան հասակում ավարտվեց սիրելի հայորդու երկրային կյանքը: Ռիչարդ անունով այրն այս ծնվեց 1933 թվականին՝ հայատրոփ ու հայասիրտ մի գաղթավայրում՝ Կալիֆորնիայում՝ Ֆրեզնոյի մոտ գտնվող Թուլարում, հայոց ցեղասպանությունը վերապրած Գասպար և Սիրուշ Գավրոյանների ընտանիքում: Խարբերդի մոտակայքում գտնվող Բազմաշեն գյուղից գաղթած հայրը հրաշքով էր կարողացել փախչել իրեն գերեվարած քրդերից, միացել էր Անդրանիկի բանակին և որպես կամավոր կռվել նրանց հետ: Աննկուն ոգի, անկոտրում կամք, ուղղամտություն ու շիտակություն, նպա­տա­կա­մետություն և աշխատասիրություն ժառանգեց Ռիչարդ Հովհաննիսյանն իր նախնիներից և իրեն նվիրեց հայոց ազգի պատմությունը տարածելու ազգանվեր գործին: Հայրենիքից հեռու հայորդին իր մեջ կրեց իր հայրենիքը:

«Երանեալ են անբիծք ի ճանապարհի, և ոյք գնան զօրէնս Տեառն» (Սաղմոս ՃԺԸ 1): Ռիչարդ Հովհաննիսյանը Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիրն ու վարիչը: Նրա կյանքն ամփոփ խոսքով կարելի է կոչել նվիրում կամ անձնվիրություն. նվիրում նախնյաց հայրենիքին և հայ ժողովրդի պատմությանը: Նա, որպես հայագիտության ռահվիրաներից մեկը, արժանապատվորեն քայլեց իր կյանքի ճանապարհը և հոգեմտավոր ճառագայթումներով պայծառացրեց իր՝ հայագետ գիտնականին շնորհված ազգանվեր առաքելությունը:

Մենք այսօր հարգանքի արժանի տուրք ենք մատուցում ազգասեր հայորդուն և բերում մեր սրտա­կցու­թյու­նն ու զորակցությունը նրա ընտանիքին և մերձավորներին:

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված մեր սիրելի Ռիչարդ Հովհաննիսյանի հոգու խաղաղության համար: Թող Ողորմած Աստված քաղցրությամբ ընդունի նրա հոգին երկնային փառաց անդաստաններում:

Աղոթք, խունկ և բյուր օրհնություններ նվիրյալ հայորդու անթառամ հիշատակին: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»։

Երջանկահիշատակ Ռիչարդ Հովհաննիսյանն իր կյանքն ու գործունեությունը նվիրել էր հայագիտությանն ու հայոց պատմության ուսումնասիրման, հայկական հարցը աշխարհին ճանաչելի դարձնելուն։ Նրա հիմնական աշխատությունները վերաբերում են Հայաստանի, Անդրկովկասի և Միջին Արևելքի պատմության հարցերին, Հայաստանի XX դ. սկզբի, Հայաստանի առաջին Հանրապետության, Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության պատմությանը և պատմագրությանը։

  • Կիսվել: