հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կարմրուկով 1 հիվանդ մարդը կարող է վարակել 18-20 մարդու. Գայանե Սահակյան

Կարմրուկով 1 հիվանդ մարդը կարող է վարակել 18-20 մարդու. Գայանե Սահակյան

Կարմրուկի դեպքեր ամբողջ աշխարհում սկսեցին արձանագրվել դեռևս 2022 թվականին և եվրոպական տարածաշրջանի 27 երկրներում դեպքերը շարունակվեցին մինչև 2023 թվականի անցած ժամանակահատվածը: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով, ՀՀ-ում 2007 թվականից մենք կարմրուկի դեպքեր չունենք և Հայաստանը համարվում է կարմրուկից էլիմինացված երկիր, այսինքն տեղական փոխանցում չի եղել:

«Մենք 2007 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի ունեցել ենք բերովի դեպքեր, ունեցել ենք 1,2 մինչև 15  դեպքեր, որոնք շատ արագ լոկալիզացվել են և հետագա տարածում չեն ստացել: Արդյունքում՝ երկիրը պահպանել է իր էլիմինացված կարգավիճակը»,-ասաց Գայանե Սահակյանը:

Անդրադառնալով այժմ Հայաստանում տարածված կարմրուկի դեպքերին, Սահակյանը հիշեցրեց, որ մարտի 4-ից հաստատված կարմրուկի դեպքեր կան, որոնք կապված են այլ երկրից ՀՀ եկած չպատվաստված քաղաքացիների հետ: Այս պահին տեղական դեպքեր լոկալ բռնկման ձևով գրանցվում են. այսօրվա դրությամբ 46 դեպք է գրանցվել: 46 հիվանդներից 30-ը մինչև 8 տարեկան երեխաներ են,16-ը՝ մինչև 64 տարեկան մեծահասակներ:

«Դեպքեր ունենք գերազանցապես Երևանում, նաև մարզերում են գրանցվել, որոնք բոլորը համաճարակաբանորեն կապված են նույն օջախի հետ: Լաբորատոր հաստատված 46 դեպքից այս պահին 15 հոսպիտալացված ունենք, 17-ը չհոսպիտալացված են, որովհետև կլինիկական ցուցում չկա: Նրանք գտնվում են ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունների անմիջական բժշկական հսկողության ներքո: 46 դեպքերից առողջացումով դուրս են գրվել 17 հիվանդ»,-նշեց Սահակյանը:

Խոսելով կարմրուկ հիվանդության մասին՝ Գայանե Սահակյանը նշեց, որ այն համարվում է մանկական հիվանդություն, սակայն մեծահասակները ևս վարակվում են: Վերջիններիս դեպքում հիվանդությունն ավելի ծանր ընթացք է ունենում: Վիրուսը բավականին կայուն է արտաքին միջավայրում և բավականին կոնտագյոզ է՝ մեր իմացած բոլոր վիրուսային հիվանդություններից իր վարակելությամբ ամենաառաջին ինֆեկցիոն հիվանդությունն է: 1 հիվանդ մարդը կարող է վարակել 18-20 մարդու:

«Սա է պատճառը, որ այն արագ գտնում է այն մարդկանց, որոնք չպատվաստված են: Իսկ եթե մարդը լիարժեք պատվաստված է՝ չի վարակվում: Մեր 46 դեպքերից 43-ը չպատվաստված են, 3-ը՝ մեկ դեղաչափ են պատվաստված: Թերի պատվաստվածների դեպքում կամ հակացուցում են ունեցել և երկրորդ դեղաչափը չեն պատվաստվել, կամ տարիքը 2-4 տարեկանի միջակայքում չի եղել»,- նշեց Գայանե Սահակյանն ու հավելեց, որ կարմրուկը մյուս վարակիչ հիվանդություններից 2 շատ կարևոր առանձնահատկություն ունի, որը հաշվի առնելով՝ անընդհատ զգուշացնում են պատվաստումների դերի մասին: Առաջինը՝ օրգանիզմից երբեք կարմրուկը չի հեռանում, մարդը եթե վարակվեց բնական ճանապարհով, ապա ամբողջ կյանքում վիրուսը մնում է օրգանիզմում և բավական է, որպեսզի նպաստավոր միջավայր առաջանա՝ նորից գլուխ է բարձրացնում այն: Միջին տևողությամբ 7 տարի հետո մարդու մոտ կարող է առաջնալ շատ վատ բարդություն՝ ձգձգվող ենթասուր պանենցեֆալիտ:

«Այս դեպքում ուղեղի թաղանթ է բորբոքվում և գրեթե 100 տոկոսով մահվան դեպք է ունենում:

Մյուս կարևոր առանձնահատկությունը, որ կարմրուկով հիվանդանալուց հետո դիտարկվում է՝ բոլորի մոտ գրեթե միջին տևողությամբ 3 տարի  իմուն համակարգի հիշողության կորուստ է առաջանում: Սա է պատճառը, որ հիվանդանալուց հետո, հատկապես ծանր տարած դեպքերը իմուն համակարգի հիշողությունը կորցնում են և շատ ընկալունակ են դառնում «առաջին հայացքից» ոչ վտանգավոր վիրուսների ու մանրեների նկատմամբ: Դրանք կարող են օրգանիզմի համար լուրջ հետևանքներ առաջացնել»,- ասաց «Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավարը։  

  • Կիսվել: