չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կառավարությունը ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա ակնհայտ է՝ խուճապի մեջ է. Թանդիլյան

Կառավարությունը ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա ակնհայտ է՝ խուճապի մեջ է. Թանդիլյան

«Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարն ուղղակիորեն ձախողել է»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Պատգամավորն ասաց, որ յուրաքանչյուր միջոցառում անհրաժեշտ էր անել պատեհաժամ, այսինքն՝ ճիշտ այն պահին, երբ դրա կարիքը կար, քանի որ մեկ կամ երկու օր ուշացումը կարող էր լինել ճակատագրական և այդպես էլ եղավ։

«Այն միջոցառումները, որոնց մասին խոսում են վարչապետը, առողջապահության նախարարը, պետք է արվեին ավելի վաղ, ճիշտ ժամանակին և ճիշտ ձևաչափերով։ Հետևաբար, կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը տարածվեց նաև ժողովրդի մեջ։ Այդ վերաբերմունքը կառավարությունից եկել և տարածվել է քաղաքացիների մեջ։ Ես հույս ունեմ, որ քաղաքացիներն ավելի խոհեմ կգտնվեն, քան կառավարությունը, որ ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, և հիմա ակնհայտ է, որ խուճապի մեջ է»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը։

Պատգամավորը կոչ արեց, որպեսզի քաղաքացիները լուրջ վերաբերվեն վարակին, կրեն դիմակներ և պահեն սահմանված բոլոր կանոնները։

Ներկա իրավիճակում, ըստ Մանե Թանդիլյանի, այժմ տեսնում է կառավարության անհանգստությունն ու մտահոգությունը, բայց դա որևէ կերպ չի արդարացնում ժամանակին ճիշտ ահազանգ չտալու և քաղաքացիների ուշադրությունը չգրավելու հանգամանքը։

Նրա խոսքով,  երբ կա որևէ կարգադրություն, դրա կատարման համար պատասխանատու է կառավարությունը։ «Այո, հեշտ չէ, բայց ոչ ոք չէր ասել, որ հեշտ է լինելու, և չէր ասվել, որ հայտարարություն անելու պահից սկսած բոլորն ամեն ինչ անելու են։ Ուստի, չի կարելի պատասխանատվությունը դնել միայն քաղաքացիների վրա։ Հիմա այս պահին անկարելի է պատասխանատվությունը դնել միայն քաղաքացիների վրա, դա սեփական անկարողության ցուցադրում է։ Այս պարագայում որոշում ընդունողը պետք է ապահովի դրա կատարումը», - նշեց Մանե Թանդիիլյանը։

Անդրադառնալով Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մեծ քանակությամբ աշխատակիցների՝ ավտոբուս մուտք գործելու լուսանկարին և քննադատությանը, պատգամավորը հարց բարձրացրեց. «Իսկ այդ քաղաքում կա՞ն բավականաչափ ավտոբուսներ, տեղյա՞կ է Կառավարությունը։ Երբ մենք միջոցներ ենք պարտադրում, մենք դիտարկում ենք՝ հնարավո՞ր է արդյոք դրանց կիրառումը, թե՞՝ ոչ։ Սա է խնդիրը և այստեղ տեսնում եմ կառավարության անկարողությունը»։

Մանե Թանդիլյանը նշեց նաև՝ միայն այն հանգամանքը, որ տևական ժամանակ է՝ քաղաքացիները չեն հետևում ցուցումներին, դա նշանակում է անվստահություն առողջապահության նախարարի հանդեպ։

Նրա խոսքով, երբ մեկ անգամ խաթարվում է վստահությունը, շատ դժվար է այն վերականգնելը․ հետևաբար, այն վերաբերմունքը, որ Արսեն Թորոսյանն ուներ վիրուսի նկատմամբ, շատ քաղաքացիներ չեն կարողանում հաղթահարել, ու չեն կարողանում լուրջ վերաբերել նրա մյուս հայտարարություններին։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եթե կառավարությունը մեղավոր է, ապա մեղավոր է նաև ժողովուրդը, քանի որ նա է կառավարությանն իշխանության բերել, Մանե Թանդիլյանն ասաց, որ քաղաքացիները գնում են ընտրության իրենց պատկերացումներով և այն ամենի հիման վրա, ինչ լսել են թեկնածուներից։

Ըստ պատգամավորի, հիմա էլ ժողովրուրդը տեսնում է այն, ինչ կա. «Կարծում եմ, որ քաղաքացիները եզրակացություններ կանեն»։

Դիտարկմանը, թե արդյոք այդ հայտարարությունը նրա մասին է, որ վարչապետը մեղավորություն չունի՞, պատգամավորն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ խոսքը դրա մասին է։ Տեղի են ունեցել ընտրություններ, իշխանությունն ունեցել է ժողովրդի աջակցությունը, և դրանից հետո պարտավոր էր ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Այժմ ժողովուրդն ականատես է, որ արտակարգ դրության պայմաներում կառավարությունն ունակ չէ պաշտպանելու իրեն, և աստիճանաբար օտարում է այդ պատասխանատվությունն իրենից»։

  • Կիսվել: