ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքին. նախատեսվում է սահմանել քրեակատարողական հիմնարկների 3 տեսակ

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքին. նախատեսվում է սահմանել քրեակատարողական հիմնարկների 3 տեսակ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծին, որի ընդունումը, ըստ հիմնավորման, դառնալու է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու կարևոր գործոն: Մասնավորապես, վերանայվել են ազատազրկման դատապարտված անձանց պահման ռեժիմների փոփոխության կանոնները: Այս խնդրի շրջանակում նախատեսվում է ներմուծել ռեժիմների աստիճանական փոփոխության ճկուն մեխանիզմ ՝ խիստ ռեժիմից դեպի մեղմ: Մասնավորապես, ըստ անվտանգության աստիճանի նախագծով սահմանվել են քրեակատարողական հիմնարկների 3 տեսակներ՝ ցածր, միջին, բարձր անվտանգային տեսակներ։ Նախատեսվել է նաև քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման մեղմ և խիստ ռեժիմներ: Առաջարկվում է հստակեցնել դատապարտյալներին անջատ պահելու չափանիշները և ներդնել այդ անձանց վարքագծի ռիսկային գնահատման համակարգ: Սա ենթադրում է, որ Քրեակատարողական նոր օրենսգրքում պետք է սահմանվեն այնպիսի նորմեր, որոնք դատապարտյալի համար կանխատեսելի կդարձնեն քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելը:

Նախագծով սահմանվել է նաև էլեկտրոնային հսկողությունը և վերահսկողությունը: Մասնավորապես՝ նախատեսվել է, որ դատապարտյալի կամ այլ անձանց անվտանգության և ապահովության կամ այլ իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով՝ դատապարտյալների փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանությունները, պատժի կրման սահմանված կարգի խախտումները, անկարգությունները, հանցագործությունները կամ այլ իրավախախտումները կանխելու անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև դատապարտյալների վարքագծի մասին անհրաժեշտ տեղեկություն ստանալու նպատակով՝ քրեակատարողական հիմնարկում իրականացվում է էլեկտրոնային հսկողություն և վերահսկողություն՝ տեսաձայնային միջոցների կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ։ Ամրագրվել են նաև էլեկտրոնային հսկողության և վերահսկողության իրականացման կարգը և հիմքերը:

Նախագծով առաջարկվում է ձևավորել Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով, որը յուրաքանչյուր դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-6 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից և ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից: Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են քրեակատարողական հիմնարկի հոգեբանը, սոցիալական աշխատողը, ինչպես նաև օպերատիվ և անվտանգության բաժիններից մեկական ծառայող: Ըստ անհրաժեշտության, Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի մեջ կարող են ներգրավվել նաև հոգևորական, բժիշկ և այլ մասնագետներ, այդ թվում՝ բժշկության ոլորտի:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախագծի ընդունումը և նշել, որ այն քրեաիրավական ոլորտի բարեփոխումների շարքի հերթական նշանակալի փոփոխությունն է: «Այս առումով ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև խափանման միջոցների և պրոբացիայի ծառայության հետ կապված էական բարեփոխումներ ենք ընդունել: Հաջորդ փուլում մենք արդեն պետք է քրեակատարողական ոլորտում անդրադարձ ունենաք նաև ֆիզիկական ենթակառուցվածքների հարցին, որովհետև դա ամենակարևոր խնդիրներից մեկն է. իրավունքների պաշտպանության, անվտանգության, բոլոր առումներով քրեակատարողական մեր հիմնարկները ֆիզիկական ենթակառուցվածքների մասով չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք օրենքներում և ընդհանրապես մեր գաղափարաբանության մեջ ձևակերպել ենք»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության թեթև ռեժիմի կարևորությունը և նշել, որ պետք է այս քաղաքականությունը շարունակել և դարձնել ավելի արդյունավետ: Այդ համատեքստում վարչապետը կարևորել է խափանման այլընտրանքային միջոցների նկատմամբ հսկողության անհրաժեշտությունը: «Այսինքն հաջորդ փուլով այդ մարդիկ կլինեն հսկողության տակ, նրանց շարժը հետագծելի կլինի, ինչը հանցագործությունների կանխարգելման շատ էական նշանակություն կունենա: Նկատի ունեմ, որ այո, այդ պրոբլեմների հետ մենք այս ընթացքում առերեսվում ենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հետ գնանք այն հին տրամաբանությանը, պետք է առաջ գնալ: Ես համոզված եմ՝ և՛ քաղաքակրթական, և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական առումով սրանք շատ կարևոր նշանակություն ունեցող փոփոխություններ են: Մենք նոր ստանդարտ ենք սահմանում մեր երկրի համար և այդ ստանդարտի սահմանման ճանապարհին պետք է լինենք հետևողական»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: