Կառավարությունն ընդունել է Հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունը. նախանշվել են կարևոր ուղղությունները
Կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը»։
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացում են, որ վերջինիս ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, ՏՀԶԿ հանձնարարականներից և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի պահանջներից:
2023-2026 թթ. հակակոռուպցիոն ոլորտում բարեփոխումների հիմքում դրվել են հետևյալ հինգ ռազմավարական նպատակները՝ կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքության ամրապնդում, կոռուպցիայի հակազդման համակարգերի կատարելագործում, հակակոռուպցիոն կրթություն և հանրային իրազեկման կատարելագործում, գործարար բարեվարքություն, հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործում: Ռազմավարությունը նախատեսում է ավելի քան 70 գործողություն՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին։
Հիմնական ուղղություններից են՝
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ներդնել կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման համակարգ, մշակել բացահայտված ռիսկերի զսպման մեխանիզմներ.
- կատարելագործել պաշտոնատար անձանց բարեվարքության ինստիտուտը՝ անհամատեղելիության պահանջների խախտման բացահայտման, շահերի բախման կանխարգելման, նվերների ինստիտուտի կարգավորումների կատարելագործման միջոցով.
- զարգացնել Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն դատարանի կարողությունները, էլեկտրոնային համակարգերը և տեխնիկական հագեցվածությունը՝ հակակոռուպցիոն իրավապահ մարմինների և հակակոռուպցիոն դատարանի աշխատանքներին ըստ անհրաժեշտության ներգրավվելով տնտեսագիտական, ֆինանսական ոլորտի փորձագետների.
- կատարելագործել և զարգացնել ազդարարման համակարգը՝ վերանայելով ազդարարման մոդելը, իրականացնելով ազդարարումը խրախուսելուն ուղղված ծրագրեր, ինչպես նաև բարելավել ազդարարի պաշտպանության միջոցները.
- ներդնել բիզնես ոլորտում բարեվարքության ապահովման գործիքակազմ և բիզնես ոլորտում իրավունքների պաշտպանության հակակոռուպցիոն մեխանիզմներ.
- կատարելագործել պետական գնումների համակարգը՝ բացառելու համար բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխկապակցված անձանց մասնակցությունը պետական գնումներին և ապահովելու գնումների շրջանակում մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների բացահայտումը։
Ռազմավարության ընդունումն ուղղված է ապահովելու Կառավարության հանձն առած հակակոռուպցիոն քաղաքականության շարունակականությունը՝ կառուցելու հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ, պայքարելու կոռուպցիոն բնույթի դրսևորումների դեմ, ձևավորելու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթ հասարակության շրջանում: