Կառավարությունից մարդ եկա՞վ Լալային հրաժեշտ տալու. Սա է իրենց վերաբերմունքը մշակույթին. Լեւոն Հարությունյան
Լալան գնաց՝ թողնելով շատ բան, որը ժամանակ առ ժամանակ իր մասին հիշեցնելու է. ամենակարեւորը՝ նա թողեց հրաշք նոր սերունդ, որը վաղ, թե ուշ, Լալայի դատարկ տեղը լցնելու է: Այս մասին այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դերասան եւ հաղորդավար Լեւոն Հարությունյանը:
«Կարծում եմ՝ Լալան չի գնացել: Ինձ բախտ վիճակվեց իր հետ բեմ բարձրանալ Մետրո թատրոնում: Ինքն ինձ համար ուսուցիչ էր: Մի քանի անգամ եղել է հնարավորություն, որ իրեն ասում էի՝ Լալ ջան, իմ խոսքը լավ չի, տեր եղիր: Ասում էր՝ ստեղ եմ, ստեղ եմ: Հիմա իմ խոսքն էլ ժամանակավոր անտեր մնաց»,-ասաց նա:
«Լալան չէր ստում, ասում էր ճշմարտությունը: Մի հարց տամ՝ կառավարությունից մարդ եկա՞վ: Լռենք, որովհետեւ սա է մեր կառավարության վերաբերմունքը մշակույթից: Իրենք չեն գնահատում մտավորականին, մշակույթը, որովհետեւ ով մի քիչ էն չի խոսում, իրենք նեղանում են»,- ընդգծեց դերասանը:
Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։


