ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Տանից ոչինչ չեն տարել․ Նարեկ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին

Տանից ոչինչ չեն տարել․ Նարեկ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին

«Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվել է։ Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հայտնել է, որ իրավապահները տանից որևէ բան չեն տարել։

Գնահատելով իրավապահների գործողություննորը՝ Կարապետյանը հայտարարել է, որ տեղի ունեցողն ուղղակիորեն կապված է իր քաղաքական գործունեության հետ։

«Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել, ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է, չկա որևէ այլ պատճառ ու սա է հիմնավորումը»,- ասել է Կարապետյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք օգոստոսի 2-ին Ազգային ժողովի գումարումից հետո դատախազը կարող է միջնորդությամբ հանդես գալ իր դեմ, Կարապետյանը պատասխանել է, որ չգիտի և որ դա կախված է իրավապահների ցանկությունից։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ Կարապետյանի տանը քննչական գործողություններ են իրականացվում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Վարույթն առնչվում է «Մեր ձևով» ՀԿ հիմնադիր Ալիկ Ալեքսանյանին։ Նա կալանավորված է, այսօր նրա կալանքը ևս երկու ամսով երկարացվեց։ Ալեքսանյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ։

Ավելի վաղ Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացուման հատկանիշներով:  

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը, իսկ նրան ազատությունից զրկելու միջնորդությունը հետ էր ուղարկել։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավ։  

  • Կիսվել: