ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Հայաստանի երկաթուղին ազգային ռազմավարական սեփականություն է. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Հայաստանի երկաթուղին ազգային ռազմավարական սեփականություն է. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

««Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության՝ սեփական երկաթուղային ենթակառուցվածքը լիարժեք տնօրինելու անբեկանելի իրավունքի վերահաստատումը։ Հայաստանի երկաթուղին ազգային ռազմավարական սեփականություն է և պետք է կառավարվի բացառապես Հայաստանի ինքնիշխանության, տնտեսական զարգացման և անվտանգության առաջնահերթություններից ելնելով։

Խոսքը պարզապես ենթակառուցվածքի կառավարման մասին չէ․ սա Հայաստանի ինքնիշխանության, ռազմավարական ինքնուրույնության և սեփական երկրի նկատմամբ լիակատար վերահսկողության սկզբունքային հարց է։ Հայաստանի կենսական նշանակության ենթակառուցվածքների ճակատագիրը չի կարող որոշվել որևէ օտար պետության կամ ընկերության քաղաքական շահերով կամ տնտեսական նպատակահարմարությամբ: Որևէ կոնցեսիոն համաձայնագիր չի կարող վերածվել Հայաստանի սեփականության և ինքնիշխան իրավունքների սահմանափակման գործիքի․ պետությունը պետք է անարգել տնօրինի իր գույքը և այն ծառայեցնի բացառապես Հայաստանի ազգային շահերին։

Տասնամյակներ շարունակ Հայաստանը ռազմավարական նշանակության ակտիվների նկատմամբ վերահսկողությունը զիջել է անհավասար, ոչ թափանցիկ և պետական շահի տեսանկյունից կասկածելի պայմաններով։ Այդ ծանր ժառանգությունը պետք է վերագնահատվի և շտկվի՝ վերականգնելով պետության լիարժեք վերահսկողությունն ու պատասխանատվությունը։

Անհրաժեշտ է իրականացնել երկաթուղային համակարգի իրավական, ֆինանսական և տեխնիկական համապարփակ աուդիտ, հրապարակայնորեն գնահատել ստանձնած պարտավորությունների կատարումը և, անհրաժեշտության դեպքում, վերանայել կամ դադարեցնել գործող պայմանագրերը՝ ներպետական և միջազգային իրավունքի բոլոր գործիքների կիրառմամբ։

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմաններում Հայաստանը պետք է հանդես գա որպես սեփական տարածքի, սահմանների և ենթակառուցվածքների լիիրավ ու ինքնիշխան տնօրինող։

Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ և երկաթուղի պետք է գործի մեր պետության իրավազորության, օրենսդրության, սահմանային ու մաքսային վերահսկողության ներքո։

Հայաստանի սեփականությունը սակարկության առարկա չէ։ Հայաստանի երկաթուղին պետք է ծառայի Հայաստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին»։

  • Կիսվել: