կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իսրայելում ունենք շատ հայեր, որոնց երեխաները զորակոչված են, դա մեզ համար շատ մտահոգիչ է․ Արտյոմ Չերնամորյան

Իսրայելում ունենք շատ հայեր, որոնց երեխաները զորակոչված են, դա մեզ համար շատ մտահոգիչ է․ Արտյոմ Չերնամորյան

Քիչ առաջ Իսրայելի ամբողջ հարավն ու կենտրոնը զանգվածային հրթիռակոծվում էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը:

«Ամենասարսափելին այն է, որ հիմա կարող է հյուսիսում բացվել ռազմաճակատը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու ամբողջ տարածաշրջանի համար, եթե հյուսիսը նույնպես մտնի պատերազմի մեջ։ Երուսաղեմի վրա երեկ էին հարվածներ հասցվում, այսօր առայժմ տեղեկություններ չունեմ։ Այնտեղ համեմատաբար ավելի հանգիստ է։ Մենք երկրի կենտրոնում ենք այժմ, այստեղ մոտ 3 հազար հայ է բնակվում»,- ասաց Արտյոմ Չերնամորյանը:

Նա նշեց, որ հայերի շրջանում զոհերի վերաբերյալ տեղեկություններ չունի․ «Երեկ լուր տարածվեց, թե մի հայ կին է փրկվել Ղամբարյան ազգանունով, առայժ մեզ չի հաջողվել կապ հաստատել նրա հետ։ Ունենք շատ հայեր, որոնք երեխաները զորակոչված են, ինչը մեզ համար շատ մտահոգիչ է։ Մենք շտաբ ենք ստեղծել, այսօր էլ քաղաքապետարանից նամակ ենք ստացել, որ հնարավոր է, որ նաև մեր ուժերը նաև մեր համայնքը մասնակցի կամավորական աշխատանքներին»։

Արտյոմ Չերնամորյանն ասաց, որ առայժմ տարհանման վտանգ չկա․ «Մենք կապը պահպանում ենք դեսպանության հետ»։

Չենրամորյանը հայտնեց, որ Իսրայելում բնակվում է 10 հազար հայ, ծանր ռմբահարվող քաղաքներում 500 հայ է բնակվում, երկրի կենտրոնում, որը հրթիռահար հարվածների տակ է գտնվում 3000 հայ է ապրում:

  • Կիսվել: