երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իշխանությունը որոշում չունի որևէ նախաձեռնությամբ հանդես գալու․ ՔՊ-ականը՝ զինանշանը փոխելու մտադրության մասին

Իշխանությունը որոշում չունի որևէ նախաձեռնությամբ հանդես գալու․ ՔՊ-ականը՝ զինանշանը փոխելու մտադրության մասին

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ զինանշանի հետ կապված Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը և այն հարցին՝ հնարավո՞ր է իշխանությունն այն փոխելու մտադրություն ունի։

«Եթե նկատեցիք վարչապետը երեկ իր այդ մտքերն արտահայտելուց առաջ ասաց, որ կիսվում է մտքերով և բոլորս, ըստ էության, կարող ենք միանալ այդ քննարկումներին։ Իշխանությունը որպես այդպիսին, որոշում չունի որևէ նախաձեռնությամբ հանդես գալու, վարչապետը բացել է խոսակցություն, բոլորդ կարող եք միանալ այդ խոսակցությանը»,- ասաց Հովհաննիսյանը։

Հարցին անդրադարձավ նաև իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը

«Հիմա, եթե ասենք՝ այո հնարավոր է որևէ նախաձեռնություն, կստացվի, որ այդ թեմայով քննարկում ենք անում, եթե ասենք՝ հնարավոր չէ, կստացվի այդ թեման փակ է։ Դա կարծիք կիսելու փորձ էր ու այդ քննարկումն արդեն դուք սկսել եք հիմա»,- ասաց Թունյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիիս 15-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2022 թ. Պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձավ ՀՀ պետական խորհրդանիշներին՝ նշելով, որ ՀՀ զինանշանին պատկերվածը 1991-ին հիմնված ՀՀ-ի հետ կապ չունի։

  • Կիսվել: