շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք ցույց կտանք Աշոտ Երկաթի դեմ հարուցված քրեական գործի փուչիկ լինելը. Փաստաբան

Մենք ցույց կտանք Աշոտ Երկաթի դեմ հարուցված քրեական գործի փուչիկ լինելը. Փաստաբան

Հայաստանում այսօր դատաիրավական համակարգը գտնվում է շատ ավելի վատ վիճակում, քան 3 տարի առաջ էր, 20 տարի առաջ էր, անգամ՝ 100 տարի առաջ։ Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Ըստ փաստաբանի՝ այսօրվա քաղաքական իշխանությունը գենետիկ անհանդուժողականություն ունի այլ կարծիք արտահայտող ցանկացած ուժի հանդեպ։

«Աշոտ Մինասյանը կալանավորվել է 2020 թվականի նոյեմբերի 15-ին ներկայացված քննիչի պահանջի հիման վրա. 2020 թվականի նոյեմբերի 15-ին քննիչն ասում էր, որ Աշոտ Մինասյանը, մնալով ազատության մեջ, կթաքնվի, կխոչընդոտի քննությանը ու, հնարավոր է, կատարի նոր արարք. Աշոտ Մինասյանը 2020 թվականի նոյեմբերի 15-ին չկալանավորվեց, մեկ տարի դեգերումներից հետո պարզվեց՝ քննիչը ճիշտ էր՝ Աշոտ Մինասյանը, հայտնվելով ազատության մեջ, կթաքնվի, կխոչընդոտի կամ կկատարի նոր անարք։ Այս տիպի աբսուրդ իրավաբանության իմ պրակտիկայում չեմ հանդիպել», - ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ժամանակն արդեն իսկ ապացուցել էր, որ Մինասյանը չի թաքնվել, չի խոչընդոտել, որևէ նոր արարք չի կատարել։

Միհրան Պողոսյանը նշեց, թե այս իշխանությունը դատական համակարգն աղավաղելու ճանապարհով է գնում։ Ըստ փաստաբանի՝ այն դատավորները, որոնք պետք է արդարադատություն իրականացնեն, նրանց մեկուսացրել են, իսկ արդարադատություն հիմա իրականացնում են նրանք, որոնք պատրաստ են իշխանության քիմքին հաճո արդարադատություն իրականացնել։

Նա ասաց, թե երկու օր առաջ է հանդիպել Աշոտ Մինասյանին. տրամադրությունը բարձր էր. «Ինքն իր ազատությունը պատրաստ է ժամանակավորապես զիջել, բայց երբեք պատրաստ չէ զիջել հայրենիքը։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ ու ցույց ենք տալու այս քրեական գործի փուչիկ լինելը», - ասաց Միհրան Պողոսյանը։

  • Կիսվել: