հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իրանցի փորձագետները ՀՀ-ում հնարավոր է հումանիտար ականազերծման աշխատանքներ իրականացնեն

Իրանցի փորձագետները ՀՀ-ում հնարավոր է հումանիտար ականազերծման աշխատանքներ իրականացնեն

Իրանի Հակաականային գործունեության կենտրոնը ՀՀ-ում հնարավոր է հումանիտար ականազերծման աշխատանքներ իրականացնի։ Այս մասին հայտնում է Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի մամուլի ծառայությունը։

«Հնարավորության դեպքում Իրանի հակաականային ոլորտի փորձագետներից բաղկացած պատվիրակությունը կայցելի Հայաստան»,– ասված է հաղորդագրությունում։

Կենտրոնի պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն։ Նրանք այցելել են ԻԻՀ Քուրդիստան նահանգում իրականացվող ականազերծման գործողությունների տարածք՝ ծանոթացել մաքրման մեթոդներին և պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման աշխատանքներին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է ԻԻՀՀԳԿ մասնագետների կողմից ՀՀ-ում «ՀԱՓԿ» հրահանգիչների համար պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման վերապատրաստման, ինչպես նաև ԻԻՀ միջազգային մասնագիտացված ուսումնական հաստատությունում հումանիտար ականազերծման և պայթուցիկ զինամթերքի ոչնչացման դասընթացների հնարավոր կազմակերպման հարցը»,– ասված է հաղորդագրությունում։

Այցի ընթացքում կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» և Իրանի Իսլամական Հանրապետության Հակաականային գործունեության կենտրոնի (ԻԻՀՀԳԿ) առաջին աշխատաժողովը։

  • Կիսվել: