չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրական պատվիրատուներին, եթե իսկապես հնարավոր էլ լինի, ապա լուրջ պետականություն, ուժեղ պետություն ունենալու պարագայում է, որ Հայաստանը կարողանալու է բացահայտել․ Արամ Սարգսյան

Իրական պատվիրատուներին, եթե իսկապես հնարավոր էլ լինի, ապա լուրջ պետականություն, ուժեղ պետություն ունենալու պարագայում է, որ Հայաստանը կարողանալու է բացահայտել․ Արամ Սարգսյան

Գործող իշխանությունը գործը վերաբացել է, ստեղծել է քննչական խումբ ԱԱԾ-ում, ինչը ես ի սկզբանե համարել եմ ճիշտ, համարել եմ, որ Դատախազությունն իր մասով քննությունն ավարտել է և այդտեղ Դատախազությունը, որ ուզենա էլ ավելին չի կարող անել, որովհետև արտաքին քաղաքական հետքն է պետք ստուգել, իսկ այս առումով պետք է զբաղվեր ԱԱԾ-ն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի դեպքերին՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Սարգսյանը խոսեց իր հարցաքննությունից. «Ինձ հարցաքննել են, հարցաքննությունը 2.5 ժամից ավել է տևել ԱԱԾ-ում, ինձ զարմացրեց երիտասարդ քննիչի գործի իմացությունը, ես շատ քիչ մարդիկ գիտեմ, որոնք գործն այդպիսի խորությամբ ուսումնասիրել են: Հիմնական ուղղությունն ինչով իրենք հետաքրքրվում ու հարցնում էին, վերաբերում էր ներհայաստանյան կազմակերպչական կամ պաշտոնական անգործության խնդիրներին ավելի շատ, քան արտաքին քաղաքական հետքին: Անգամ 2001 թվականին ինձ կանչել են ցուցմունք տալու Քննչական կոմիտեում, որտեղ իմ ցուցմունքները վերաբերել են Մեղրիի տարբերակով արտաքին հետքին, որտեղ ես իմ ձեռքով նկարել եմ քարտեզների այն տարբերակները, ինչը ժամանակին մեզ բացատրում էր Վարդան Օսկանյանը, ասել եմ, որ այս ուղղությամբ պետք է աշխատանք արվի: Ես շատ լավ հասկանում եմ, որ սա Հայաստանի Հանրապետության անկախության, միջպետական պայմանավորվածությունների և բազմաթիվ այլ խնդիրների հետ է կապված: Իրական պատվիրատուների բացահայտումը, եթե իսկապես հնարավոր էլ լինի, ապա լուրջ պետականություն, ուժեղ պետություն ունենալու պարագայում է, որ Հայաստանը կարողանալու է բացահայտել: Ինչ վերաբերում է ներքին պատվիրատուների խնդրին, ապա ես կարծում եմ, որ հանրությունն իր մեջ հետևություններ արել է: Յուրաքանչյուր մարդ սեփական փաստարկներն ունի, մարդկանց մի մասը նայում է, թե ով շահեց Հոկտեմբերի 27-ից, մի մասը նայում է, թե արտաքին քաղաքական առումով ում դա ձեռնտու եղավ: Դա Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ էր, որը խանգարեց ՀՀ-ին 21-րդ դար մտնելու, որովհետև Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքը կառուցենքի ու պաշտպանենքի վրա էր և ցավոք սրտի այդ սպանությունը, որն իրականացվեց ԱԺ-ում, իր արդյունքը տվեց ու ՀՀ-ն դրանից հետո 21-րդ դար չմտավ»:

Արամ Սարգսյանն անդրադարձավ այսօրվա իրականությանը. «Մենք այսօր նորից կանգնած ենք մեր ինքնիշխանությունը կառուցելու ու պաշտպանելու խնդրի առաջ, ես իսկապես համոզված եմ ու բոլոր վատատեսներին պիտի ասեմ,  որ այս պահին մենք իսկապես ունենք հնարավորություն թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար ուժեղ պետականություն ձևավորելու համար, ուղղակի այդ հնարավորությունից օգտվել է պետք»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը խոսեց նաև ժողովրդի կողմից ընտրված իշխանության մասին. «Ես կարծում եմ, որ Հայաստանը ժողովրդի կողմից ընտրված իշխանություն ունեցավ 1992 թվականին, դրան անմիջապես հետևեցին Շահումյանի դեպքերը, պատերազմը, հետո Հայաստանը ժողովրդի կողմից իշխանություն ունեցավ 1999 թվականին՝ Դեմիրճյանի և Սարգսյանի «Միասնություն» դաշինքով, դրան հետևեց հեկտեմբերի 27-ի սպանդը, հետո Հայաստանն իր ժողովրդի ընտրած իշխանությունն ունեցավ 2018 թվականին, դրան հետևեց 2020 թվականի պատերազմը: Եթե կան մարդիկ, որ ժողովրդի քվեով իշխանություն ձևավորելու այս տարբերակը համարում են ոչ կարևոր, ես այդպես չեմ համարում»:

  • Կիսվել: