ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինֆեկցիոն հիվանդությունների ԲԿ-ի ծառայությունների մի մասը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի տարածքում. Անահիտ Ավանեսյան

Ինֆեկցիոն հիվանդությունների ԲԿ-ի ծառայությունների մի մասը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի տարածքում. Անահիտ Ավանեսյան

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ամբողջովին վերակառուցվելու է, իսկ հիվանդանոցի ծառայությունների մի մասն իր վրա կվերցնի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ վերանորոգման աշխատանքները սկսվում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Բ մասնաշենքից, բայց ապագայում բոլոր մնացած մասնաշենքերում եւս շինարարական աշխատանքներ են անցկացվելու:

«Աշխատակիցների եւ ծառայության հետագա ընթացքի մասին՝ ունենք հստակ պլան, թե ինչպես պետք է իրականացվի ծառայությունը, որ բժշկական կենտրոնի կողմից: Դուք գիտեք, որ վերջին երկու տարիներին Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն ներգրավված է եղել քովիդ բուժման մեջ, այնտեղ մեր կողմից մեծաթիվ ներդրումներ են իրականցվել՝ վերանորոգման, հագեցման, եւ այս կենտրոնը պատրաստ է իր վրա վերցնել ինֆեկցիոն որոշակի ծառայությունների ապահովումը: Ինչ կապված է ընդհանուր ծառայության բովանդակության եւ մարդկային ներուժի օգտագործման հետ, բոլոր այն դեպքերում, երբ այս ծառայությունը կփոխակերպվի այլ վայրում, բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել եւ որեւէ խնդիր չկա», - ասաց նախարարը:

Նրա խոսքով, «սա չի նշանակում, որ կենտրոնը չի վերանայելու թե իր հաստիքացուցակը, թե մասնագիտական ներուժի որակը»:

«Ցանկացած բարեփոխման ընթացքում կարող են լինել թե ընթացիկ, եւ թե ընդհանրապես անհարմարություններ: Բայց եթե մենք որեւէ բան չփոխենք, որեւէ ծառայության ստատուս-կվոն չվերանայենք, ապա ինչի՞ համար ենք ընդհանրապես այստեղ», - ասաց Ավանեսյանը:

 

  • Կիսվել: