չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ինձ բացակա չդնեք` Հովիկ Արմենի Վարդանյան

Ինձ բացակա չդնեք` Հովիկ Արմենի Վարդանյան

Անցած տարի աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը խլեց մի քանի հազար զինծառայողի կյանք, որոնց թվում էր 24-ամյա Հովիկ Արմենի Վարդանյանը։

InfoPort.am-ը զրուցեց Հովիկի կնոջ՝ Նարինեի հետ, ով պատմեց, որ երկու տարի է, ինչ ամուսնացած էին ու պատերզմը սկսվելու պահին ապրում էին Շուշիում` սպասում էին իրենց առաջնեկին։

Նարինեն պատմում է, որ ամուսինը դեռ մանկուց էր որոշել կյանքը նվիրել զինվորական գործին։ Այդ նպատակով 2008-ին՝ 12 տարեկանում ընդունվել է «Փոքր Մհեր» ռազմահայրենասիրական կրթահամալիր, հետո շարունակել ուսումը Արմենակ Խամփերյանի անվան ռազմաօդային ինստիտուտում։ Աշխատել է Եղեգնաձորի, Կապանի և Շուշիի հակաօդային պաշտպանության զորամասերում։ Ավագ լեյտենանտ էր և արդեն երկու անգամ վերապատրաստվել էր ՌԴ–ում։

«Պատերազմի առաջին օրից եղել է դիրքերում և ծանր մարտեր տարել թշնամու դեմ՝ խոցելով բազմաթիվ ԱԹՍ–ներ»,- ասում է Նարինեն ու հուզմունքը զսպելով ավելացնում․ «Հերոս էր ոչ միայն ռազմի դաշտում, այլև կյանքում»։

Նարինեի խոսքով միասին ապրել են երջանիկ, խաղաղ և սիրով։

«Չնայած կյանքի մեծ մասը ապրել և սովորել է ռազմական հաստատություններում` խիստ կանոնակարգով, Հովիկը կենսախինդ, վերլուծական մտածողություն ունեցող, նպատակասլաց և բարեսիրտ անձնավորություն էր: Կյանքի դժվարությունները հաղթահարում էր ժպիտով և լավատեսությամբ։ Նա իմ ընկերն էր, սիրելին, զորակիցը»,- բնութագրելով ամուսնուն՝ ասում է Նարինեն։

Հունվարի 21-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կծնվի Հովիկի ու Նարինեի դուստրը։

«Մեծ ոգևորությամբ սպասում էինք մեր առաջնեկին։ Անունը որոշել էինք միասին՝ վիճակահանությամբ, և ընկել էր իմ տարբերակը՝ Ադրիանա անունը: Սրտատրոփ սպասում էր իր աղջկա ծնվելուն, և ռազմի դաշտից ինձ ուղարկած նամակներում նշում էր. «Իմ թագուհիներ, հանուն ձեզ կհաղթեմ ու կվերադառնամ»»,- հիշում է մեր զրուցակին ու, արցունքները հազիվ զսպելով, ավելացնում․ «Պատերազմը խլեց մեր երազանքը, որը պետք է լիարժեք դարձներ մեր ընտանիքը»։

Հովիկն ինքը մանուկ հասակում կորցրել էր ծնողներին, իսկ այժմ նրա դուստրը՝ Ադրիանան պիտի մեծանա առանց հայրական սիրո ու ջերմության։ Իր գործին անմնացորդ նվիրված քաջարի մարտիկը 15 օր պայքարելուց հետո զոհվել է Շուշիում՝ թշնամու ԱԹՍ-ի դավադիր հարվածից։ Հետմահու ներկայացվել է պարգևատրման «Մարտական ծառայություն» մեդալով:

  • Կիսվել: