Ինչը գտնվում է մեր վարչական տարածքում, այդտեղ ադրբեջանցի չպետք է լինի. Արմեն Խաչատրյան
Տեղ գոյւղի մոտ միջադեպից հետո հարաբերականորեն խաղաղ վիճակ է, ինժեներական աշխատանքները երկուստեք ընթանում են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Հարցին, թե արդյոք բանակցություններ ընթանում են, որ ադրբեջանցիները հետ քաշվեն մեր տարածքներից, նա պատասխանեց. ««Ադրբեջանական կողմը դիրքեր է կառուցել նաև այն հատվածներում, որոնք մեր վարչական տարածքում են. բոլորս այդ մասին գիտենք, և այն, ինչը գտնվում է մեր վարչական տարածքում, այդտեղ ադրբեջանցի չպետք է լինի: Հիմա ոնց կհասնենք դրան՝ ժամանակը ցույց կտա»:
Նա ընդգծեց, որ մեր բանակը կարողացել է շատ կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որպեսզի այդ հատվածի ուղղությամբ նման փորձերը կանխվեն: «Մի շարք նման փորձեր են եղել և կանխվել են»,- ասաց Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։


