ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ինչու է Երևանի քաղաքապետարանը «կարմիր գծերի» համար տարեկան 160 000 դրամ վճար առաջարկում

Ինչու է Երևանի քաղաքապետարանը «կարմիր գծերի» համար տարեկան 160 000 դրամ վճար առաջարկում

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է քաղաքի փոքր կենտրոնում «կարմիր գծերի» համար տարեկան 160 000 դրամ վճար սահմանել, որպեսզի վարորդները ոչ թե իրենց մեքենայով, այլ մեկ ուրիշ տրանսպորտային միջոցով կամ քայլելով հասնեն իրենց ուզած վայր։ Երևանի քաղաքապետարանում «կարմիր գծերի» վճարն ավելացնելու հետ կապված հանրային լսումների ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Բարձր գումար սահմանելով` մենք ավելի շատ ուզում ենք, որ ոչ թե քաղաքացին այդ գումարը վճարի ու օգտվի կայանատեղիից, այլ չվճարի ու չօգտվի կամ էլ օգտվի օրինակ հանրային տրանսպորտից»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` գումարի չափն ուղղված չէ բյուջերի եկամուտներն ավելացնելուն։

«Օրինակ` մարդը, որ Աբովյան փողոցում գործ ունի, կարող է մեքենան կայանել Բաղրամյան պողոտայում, որը «Բ» գոտի է համարվում, և որի վճարը տարեկան 24 000 դրամ է, ու մեկ այլ տրանսպորտային միջոցով կամ միգուցե քայլելով հասնել իր ուզած վայր»,-ասաց փոխքաղաքապետը։

Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ 160 000 դրամը սահմանել են` հաշվի առնելով միջազգային փորձը։

Նրա խոսքով` օրինակ` Վրաստանի մայրաքաղաքում կայանատեղիների համար տարեկան հենց այդքան վճար է սահմանված։

  • Կիսվել: