Ինչու՞ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում առկա ԴՆԹ նույնականացման սարքը չի օգտագործվել՝ զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացի համար
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պարզաբանեց, թե ինչու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում առկա ԴՆԹ նույնականացման սարքը չի օգտագործվել՝ զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը արագացնելու համար:
Նա այս հարցին անդրադարձավ՝ ի պատասխան անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հարցին:
Նշենք, որ Հովսեփյանի խոսքով՝ ըստ համացանցում տարածված լուրերի՝ ՁԻԱՀ-իկախարգելման կենտրոնն ունի ԴՆԹ նույնականացման սարք, որը չի օգտագործվել: Նա հետաքրքրվեց, թե ինչու չի օգտագործվել այդ սարքը, և ինչու են դանդաղում ԴՆԹ հետազոտությունները:
Նախարար Ավանեսյանը պատասխանեց, որ պատգամավորը իրավացի է, ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, որը ներկայում կոչվում է Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ազգային կենտրոն, առկա է եղել այս սարքը: ՛՛Սակայն եղել է միայն մեկ ապարատը: Դրա տեխնիկական հագեցվածությունը, ծրագրային ապահովումը բացարձակ չեն համապատասխանել նման անալիզներ իրականացնելու համար: Դրա համար մենք ձեռնամուխ ենք եղել՝ լրացուցիչ սարք գնելու և պատշաճ կերպով անցկացնելու բոլոր հետազոտությունները՛՛-ասաց նա և վստահեցրեց, որ այս նպատակով օգտագործելու համար պիտանի չի եղել սարքը:
Ավանեսյանը հիշեցրեց նաև, որ հունվարի 11-ից արդեն իսկ նախարարության կողմից գնված երկրորդ ԴՆԹ սարքը ձեռք է բերվել իր բոլոր պարագաներով: