ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ինչո՞ւ մեկ տարուց ավելի է՝ հողի աճուրդներ տեղի չեն ունենում. Անի Խաչատրյան

Ինչո՞ւ մեկ տարուց ավելի է՝ հողի աճուրդներ տեղի չեն ունենում. Անի Խաչատրյան

Մենք ապօրինի շինարարություն ունեցող քաղաքացիներին տվեցինք առավելություններ, բայց օրինական շինարարություն անել ցանկացողներին արհամարհում ենք: Այս մասին ավագանու նիստին ասաց ավագանու անդամ Անի Խաչատրյանը և հետաքրքրվեց՝ ինչու մեկ տարուց ավելի է, ինչ աճուրդներ տեղի չեն ունենում:

Նա ասաց. ՛՛Երկուսուկես տարվա մեջ քանի՞ աճուրդ ենք ունեցել, քանի՞ հազարավոր դիմումներ կան, տարուց ավելի է՝ մարդիկ դիմել են աճուրներդի համար, իսկ աճուրդ, միևնույնն է, չի կայանում, կայացած աճուրդներն էլ էնքան թանկ են, որ ներդրողը մի 7-8 տարի պետք է սպասի, որ աճուրդները ամեն տարի 5 տոկոս իջնի, որ գա խելքին մոտիկ գին, որ գնի ու ներդնում անի՛՛:

Փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանն ասաց, թե հողի աճուրդի վերաբերյալ իրավական փոփոխություններ պետք է կատարվեն, որոնց արդյունքում իրավաբանական վարչությունում քննվում է այդ փաստաթուղթը, և երբ վերահաստատվի, կսկսեն աճուրդները:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ինչ վերաբերում է գներին, մենք վերցնում ենք կադաստրային արժեքներ, կադաստրում գրանցված թվերը՝ նորմալ, մինիմալ և առավելագույն գին են և հանձնաժողովի նիստում որոշում ենք գինը՛՛։

Արձագանքոելով՝ Անի Խաչատրյանն էլ նշեց, թե հենց այդ հանձնաժողվում, երբ գինը որոշվում է, առավելագույն գնով է ամբողջը լինում: ՛՛Հանձնաժողովը, որը փոխքաղաքապետն է գլխավորում, որոշում է ամենաբարձր գները, չգիտես ինչու, ու մնում է այդպես: Կարելի է գտնել խելամիտ գին: Հետո, այդ որ իրավաբանական վարչությունն ուսումնասիրում է, կարո՞ղ է մինչև այս իշխանության կառավարման վերջը տևեն այդ ուսումնասիրությունները՛՛:

Ըստ Անի Խաչատրյանի՝ աճուրդներ չեն լինում Երևանում, որովհետև ՛՛ամբողջ օրը մարդ ենք փոխում՛՛:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ևս արձագանքեց՝ ասելով. ՛՛Այո՛, աճուրդներ չեն կայանում, մեզ համար գուցե օբյեկտիվ են այդ պատճառները, այս հանձնաժողովի նախագահը փոխվեց, էն փոխվեց, բայց սուբյեկտիվ են դրսի համար, ընդունում եմ դա: Ասել եմ՝ հրատապության կարգով վերականգնել ողջ հանձնաժողովի աշխատանքը և աճուրդները սկսել իրականացնել: Ցավոք սրտի, Երևանին համայնքապատկան շատ հողեր չեն մնացել, բոլորը մասնավորի ձեռքերում է՛՛:

 

  • Կիսվել: