Իմքայլականների նոր նախագծով սահմանամերձ համայնքների բնակիչներին կտրվեն նոր արտոնություններ
ԱԺ իմքայլական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանն առաջարկում են ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, նաև ամրագրել նոր արտոնություններ:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը
Ինչպես նշեցինք՝ օրենքի նախագծով ամրագրվում են նաև նոր արտոնություններ: Օրինակ՝ սահմանվում է, որ սահմանամերձ համայնքների` Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով սպանված գյուղատնտեսական եւ/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվում է փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին:
՛՛Իսկ եթե Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով տվյալ տարածքում ապրող մարդիկ վիրավորում ստանան և ձեռք բերեն հաշմանդամության կարգ, կախված կարգից՝ կստանան 1-3 մլն դրամ միանվագ գումար, ինչպես նաև բուժումը կիրականացվի անվճար՛՛,-ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ եթե զոհ ունենանք, ապա զոհվածի ընտանիքին կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ գումար:
Նշենք, որ նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և ներառվեց լիագումար նիստերի օրակարգ:



