երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Իմքայլական պատգամավորը սկանդալ է արել սթրիփ-ակումբում. նրան դուրս են վռնդել. 168.am

Իմքայլական պատգամավորը սկանդալ է արել սթրիփ-ակումբում. նրան դուրս են վռնդել. 168.am

168.am-ի տեղեկություններով՝ մոտ 10 օր առաջ Գյումրիի սթրիփ ակումբներից մեկում գիշերն իր հանգիստն անցկացնող իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր մի քանի ընկերների հետ, որոնց մեջ է եղել նաև Գյումրիում հայտնի «Լիժնիկ Սլո» մականունով հայտնի անձնավորության որդին, սկանդալ է սարքում, որի արդյունքում իմքայլական պատգամավորին ընկերների հետ միասին խայտառակ կերպով վռնդում են ակումբից:

Վստահաբար այդ ակումբի տեսախցիկները շատ ուշագրավ կադրեր ունեն տվյալ «դաստիարակչական միջոցառումից», և դեպքով հետաքրքրված անձինք, անշուշտ, կարող են շատ մեծ ցանկության դեպքում «վայելել» դրանք:

Գյումրիի՝ մեր հավաստի աղբյուրների պնդմամբ՝ հիշյալ «Լիժնիկ Սլո» մականունով քաջ հայտնի անձը նախկինում գյումրեցի պատգամավոր Վարդևան Գրիգորյանի շրջապատից է եղել, իսկ այսպես կոչված հեղափոխությունից հետո լծված է եղել իշխանություններին սպասարկելուն:

Ի դեպ, ըստ Գյումրիում տարածված լուրերի, նույն Կարեն Սարուխանյանն իր գործնական հանդիպումները հիմնականում անցկացնում է Գյումրիի «Ֆլորենս» ռեստորանում, որը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Ականատեսները պատմում են, որ պատգամավորը մշտապես անհարկի խնդիրներ է ստեղծում ռեստորանի աշխատակիցների համար՝ մասնավորապես հրաժարվելով լքել տարածքն աշխատանքային ժամերի ավարտից հետո:

Կարեն Սարուխանյանը, բնականաբար, չի կարող ձեռքերը ծալած նստել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված այս նախընտրական շրջանում, ու նա արդեն իսկ լծվել է հարազատ կուսակցության, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի համար ձայներ բերելու գործին:

Այդ նպատակով նա արդեն իսկ, 168.am-ի տեղեկություններով, հանդիպել է «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ղեկավարի հետ ու առաջարկել, որ «Գազպրոմ Արմենիայի»՝ մարզային մասնաճյուղի 600-700 հոգանոց կոլեկտիվը լծվի քայլականների համար ձայներ ապահովելու՝ դժվարին ու ըստ գյումրեցիների՝ ոչ այնքան պատվաբեր աշխատանքին:

Պատասխանը, սակայն, հիասթափեցրել է Կարեն Սարուխանյանին, որովհետև «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ղեկավարը շատ հստակ ու կոնկրետ պատասխանել է, որ իրենք ապաքաղաքական ընկերություն են և որևէ մեկի օգտին որևէ քարոզչություն անել չեն պատրաստվում ու առհասարակ իրենց օրակարգում նախընտրական քաղաքական գործունեության վերաբերյալ պլաններ չկան:

  • Կիսվել: