հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իմացեք՝ օրական 11 րոպե արագ քայլքը կարող է կանխել ամեն 10-րդ վաղաժամ մահը․ Արմեն Մուրադյան

Իմացեք՝ օրական 11 րոպե արագ քայլքը կարող է կանխել ամեն 10-րդ վաղաժամ մահը․ Արմեն Մուրադյան

Իմացեք՝ օրական 11 րոպե արագ քայլքը կարող է կանխել ամեն 10-րդ վաղաժամ մահը․․․Փաստ է՝ քայլելը բարելավում է մարդու առողջական վիճակն ու երկարացնում կյանքի տևողությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ 

«Հետազոտողները պարզել են, որ օրական ընդամենը 11 րոպե քայլելը կարող է կանխել վաղ մահացության 10%-ը:

«Օրական 11 րոպեանոց արագ քայլքը կարող է կանխել ամեն 10-րդ վաղաժամ մահը», - նշված է իր տեսակի մեջ երբևէ կատարված ամենամեծ հետազոտության մեջ: Սա հավասար է շաբաթական 75 րոպե չափավոր ինտենսիվության ակտիվության, որը երկու անգամ ավելի քիչ է, քան ներկայում խորհուրդ տրվող ֆիզիկական ակտիվության ցուցանիշը:

Քեմբրիջի համալսարանի մասնագետները պարզել են, որ արագ քայլելը, պարելը, հեծանիվ վարելը, թենիս խաղալը կամ արշավը կարող են զգալիորեն նվազեցնել վաղաժամ մահացության ցուցանիշները, արյան շրջանառության համակարգի հիվանդությունների և որոշ քաղցկեղների, մասնավորապես՝ գլխի և պարանոցի չարորակ նորագոյացությունների ռիսկերը:

Համաշխարհային մասշտաբով՝ յուրաքանչյուր 10-րդ վաղաժամ մահից հնարավոր է խուսափել, եթե բոլորը հասնեն շաբաթական առաջարկվող թիրախի միայն կեսին՝ 150 րոպե չափավոր ինտենսիվության ֆիզիկական ակտիվության:

Միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունը դիտվում է որպես այնպիսի զբաղմունք կամ գործողություն, որը բարձրացնում է սրտի զարկերի հաճախականությունը և ստիպում մարդկանց ավելի արագ շնչել, բայց ոչ այնքան արագ, որ նրանք չկարողանան այդ ընթացքում խոսել:

Մասնագետները հաշվարկել են, որ եթե հետազոտության մասնակիցներից բոլորը շաբաթական առնվազն 150 րոպեին համարժեք չափավոր ակտիվություն ցուցաբերեն, ապա վաղաժամ մահերից կկանխվի յուրաքանչյուր վեցերորդը (16%): Բայց հետազոտության արդյունքում պարզվել է, նույնիսկ եթե յուրաքանչյուր ոք տրամադրի շաբաթական առնվազն 75 րոպե, յուրաքանչյուր 10-րդ (10%) վաղաժամ մահը կկանխվի:

Բելֆաստի Քուինսի համալսարանի բժիշկ Լեանդրո Գարսիան ընդգծել է, որ չափավոր գործունեությունը չպետք է ներառի այն, ինչ մարդիկ սովորաբար համարում են վարժություն: «Օրինակ, փորձե՛ք մեքենա վարելու փոխարեն քայլել կամ հեծանիվով գնալ ձեր աշխատավայր կամ ուսման վայր, կամ ակտիվ խաղալ ձեր երեխաների կամ թոռների հետ», - ասել է նա:

«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` հետազոտություն իրականացնողները խորհուրդ են տալիս կատարել այնպիսի գործողություններ, որոնք ձեզ դուր են գալիս և որոնք հեշտ է ներառել ձեր շաբաթական առօրյայում․ դա ավելի ակտիվ դառնալու հիանալի միջոց է»:

  • Կիսվել: