չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ի՞նչ են քննարկել անհետ կորած զինծառայողների ծնողները ՀՀ փոխոստիկանապետի հետ

Ի՞նչ են քննարկել անհետ կորած զինծառայողների ծնողները ՀՀ փոխոստիկանապետի հետ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը մինչև օգոստոսի 10–ը ժամանակ է խնդրել Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներից նրանց հարցին լուծում տալու համար։ Տեղեկությունը հայտնում է անհետ կորած զինծառայողի մայր Կարինե Մանավազյանը։

Նշենք, որ ծնողերը երեկ վաղ առավոտից փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան ու Բաղրամյան–Պռոշյան հատվածը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում էին պահանջում։ Ավելի ուշ նրանք բացեցին ճանապարհը, քանի որ իրավապահները ծնողներին հրավիրեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանի հետ հանդիպման։

«Հանդիպումն ավելի քան մեկ ժամ տևեց։ Պայմանավորվեցինք, որ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 3-ին կգա արձակուրդից և մեր դիմումը, որը մենք հանձնեցին նրանց, կփոխանցի Նիկոլ Փաշինյանին, ու այդ հանդիպումը, իրենց ասելով, վերջապես կկայանա։ Թեպետ ես չեմ հավատում»,– ասաց Կարինե Մանավազյանը։
Ծնողները փոխոստիկանապետին զգուշացրել են, որ եթե այս անգամ էլ նրանց պահանջը չկատարվի, ապա կրկին փակելու են փողոցները և այլևս չեն բացելու, մինչև չհանդիպեն ՀՀ վարչապետի հետ։
«Նրանք կրկին ձգձգում են, բայց մինչև ե՞րբ... այդ ժամանակն էլ է անցնելու»,– ասաց զինծառայողի մայրը։

  • Կիսվել: