ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հունիսին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Միսս ԱՊՀ-2022» մրցույթը

Հունիսին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Միսս ԱՊՀ-2022» մրցույթը

Հունիսի սկզբին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Միսս ԱՊՀ-2022» մրցույթը, որը Հայաստանում անցկացվում է 2-րդ անգամ։

Մրցույթի նպատակների, չափորոշիչների և այլ հարցերի պատասխանները ստանալու համար հրավիրվել էր մամուլի ասուլիս։ Բանախոսներն էին՝ «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր Նաիրի Մնացականյանը, մրցույթի տնօրեն Ռուբինա Գրիգորյանը, կազմակերպիչ ընկերության մարքեթինգի ղեկավար Հարություն Տորտիկյանը և մրցույթի մասնակիցների պատասխանատու Լիանա Ոսկերչյանը։

Պատասխանելով լրագրողների հարցերին Նաիրի Մնացականյանը նշեց, որ մրցույթն ունի մաշտաբային բնույթ, որին մասնակցում են 16 երկրների գեղեցկուհիներ ԱՊՀ-ից և ոչ միայն։ Իսկ մրցույթի նպատակներից ամենակարևորը Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացումն է, որը նաև լինելու է մրցույթի մասնակիցների շնորհիվ։ Մրցույթի ժյուրիի կազմը հայտնի է լինելու մրցույթից մի քանի օր առաջ՝ պահպանելու համար օբյեկտիվությունն ու անաչառությունը։

Ժյուրին բաղկացած է լինելու 13 անդամից, որոնցից 2-ը լինելու են հայեր, իսկ մնացած անդամները այլ երկրների ներկայացուցիչներ։ Ռուբինա Գրիգորյանը հավելեց, որ մրցույթի մասնակիցները Հայաստանում լինելու են 15 օր, որոնց շրջանակում նախատեսված է շրջագայություններ և արշավներ ՀՀ ողջ տարածքում։ Մրցույթի մասնակիցները համացանցում ունենալով մեծ լսարան, կարող են նպաստել ՀՀ-ում զբոսաշրջության աճին, որն էլ կբերի այլ ոլորտների համար նոր մակարդակ։

Այս տարի մրցույթի առաջին՝ «Body» փուլի ընթացքում մասնակիցները կրելու են զուսպ և համեստ հագուստներ, երկրորդ փուլի ընթացքում մասնակիցները ներկայանալու են իրենց ազգային տարազով, որը իրենք են բերելու իրենց հետ, իսկ երրորդ փուլում կրելու են երեկոյան զգեստներ, որոնցով ապահովելու է նրանց Հայաստանը։ Հաղթող մասնակիցը ստանալու է թանկարժեք թագ, որը լինելու է նվեր այս տարվա գեղեցկուհուն և չի փոխանցվելու հաջորդ տարվա հաղթողին։Սահմանված է նաև մրցանակային ֆոնդ։

Գրիգորյանը նշեց, որ պետական աջակցություն չկա և ամեն ինչ արվում է իրենց նախաձեռնությամբ և միջոցներով։ Մրցույթը հետապնդում է հանրային շահ, որն էլ կարող է մի քանի տարի հետո Հայաստանի համար նոր դռներ բացել այս ոլորտում։ Լիանա Ոսկերչյանի խոսքով Հայաստանը դեռ չունի ընտրված մասնակից, իսկ ընտրության գործընթացը դեռևս քննարկման փուլում է։ Հարություն Տորտիկյանը հավելեց, որ գնահատվելու է մասնակիցների ոչ միայն արտաքինը, այլև ինտելեկտը։

Կստեղծվի հատուկ հանձնաժողով, որոնք ամբողջ ընթացքում կուսումնասիրեն աղջիկներին և մրցույթի վերջում կարող են ժյուրիի հետ քննարկել որոշումները։ Անդրադառնալով վերջին ամիսների ռուս-ուկրաինական պատերազմին և մրցույթում դրա դերակատարմանը Նաիրի Մնացականյանը ասաց, որ սա մշակութային հարթակ է, որը բոլորն էլ խորապես գիտակցում են։ - Բացառվում է, որ գործեն քաղաքական նկատառումներ,- ամփոփեց նա։

  • Կիսվել: