ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հստակեցումներ՝ հուղարկավորությունների կազմակերպման հարցում

Հստակեցումներ՝ հուղարկավորությունների կազմակերպման հարցում

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց և դրական եզրակացություն տվեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի և Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների փաթեթին: 

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախագծերի մշակումը պայմանավորված է մի շարք քաղաքացիներից ստացված բողոքներով: Հեղինակները մոտ 2 տասնյակ քննարկումներ են ունեցել շահագրգիռ կազմակերպությունների, եկեղեցականների և պաշտոնատար անձանց հետ, ինչի շնորհիվ այժմ ներկայացվել է լրամշակված տարբերակ:

Հստակեցվում է «մահացածի հարազատներ» հասկացությունը: Ընտանիքի անդամներ են համարվում՝ ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը և ամուսնու ծնողները, վերջինների համար՝ նաև փեսան և հարսը:

Առաջարկվում է սահմանել նաև «գերեզմանի շահագործող» հասկացությունը, որ նախագծով այն անձն է, որի անվամբ գրանցված է գերեզմանատեղը, և դրա հիման վրա էլ տրվել է գերեզմանատեղի վկայական: Գերեզման շահագործողը պատասխանատվություն է կրելու իրեն հատկացված գերեզմանատեղի կառուցման, բարեկարգման և շահագործման համար: 

Այս փոփոխությունները վերաբերելու են նոր ստեղծվող գերեզմաններին: Փոփոխությունների համաձայն՝ մահացածի աճյունը հողին հանձնելու համար գերեզման շահագործողին մեկ գերեզմանատեղի համար համայնքային գերեզմանատներում անվճար կհատկացվի 2.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5 x 1.0 մետր չափերով:

Ընտանեկան գերեզմանում հուղարկավորությունը կազմակերպելու համար համայնքի գերեզմանատներում գերեզման շահագործողին անվճար հիմունքներով կտրամադրվի մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք՝ 2.5 x 5 մետր չափերով:

Նշվեց, որ Գյումրի քաղաքի հարակից տարածքում տիպային գերեզմանատուն է նախատեսվում կառուցել:

Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:

Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը բոլոր համայնքները պարտավոր կլինեն իրենց տարածքում գտնվող գերեզմանատները գրանցել Կադաստրի կոմիտեում, ինչպես նաև հաստատված գերեզմանատների կառուցապատման հատակագծերը (օգտագործման սխեմաները) հանձնել լիազոր մարմնին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց Կառավարության կարծիքը՝ բարձրաձայնելով որոշ առաջարկներ: Ըստ նրա՝ հանրապետության բոլոր համայնքներն այսօր գերեզմանատեղերի խնդիր ունեն: Պատգամավորների հարցերին անդրադառնալով՝ Վաչե Տերտերյանն անընդունելի համարեց տոհմական՝ մեծ գերեզմանատեղերի հատկացումը: Նրա գնահատմամբ՝ այս ոլորտն ամենախնդրահարույցներից մեկն է. բազմաթիվ են հողն ապօրինաբար որպես գերեզման օգտագործելու դեպքերը, ժամանակի ընթացքում դրանք կանխել չի եղել:

  • Կիսվել: