կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՌՀ-ում կայացել է 690 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

ՀՌՀ-ում կայացել է 690 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հայ-Ռուսական համալսարանում հուլիսի 20-ին տեղի է ունեցել շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս տարի ՀՌՀ-ն ավարտել է 690 ուսանող, որից 100-ը՝ կարմիր դիպլոմներով։

Դիպլոմների հանձնման արարողությունը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 2020թ. պատերազմին նահատակված ՀՌՀ-ի ուսանողների և շրջանավարտների:

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհվել է ՀՌՀ-ի 18 ուսանող/շրջանավարտ, իսկ 2022թ. սեպտեմբերյան մարտական գործողություններին՝ երկու ուսանող: Այդ հերոսներից մեր հինգ ուսանողները երեկ պետք է ստանային իրենց դիպլոմները, բայց երեք տարի առաջ ճակատագիրն այլ բան էր նախատեսել նրանց համար․․․

 «Դուք եք մեր իմաստը և առաքելությունը։ Դուք մեր արտադրանքն եք։ Եվ այն ամենն ինչ կապված է մեր հեղինակության, համալսարանի և մեր ապագայի հետ, այդ ամենը կապված է ձեր հետ, որովհետև դուք մեր ազդեցության գործակալներն եք ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում, այլ նաև շատ այլ վայրերում։ Դուք ամենալավն եք։ Դուք աշխարհի լավագույն համալսարանի շրջանավարտներն եք։ Դուք մարդիկ եք, որոնք ձևավորվել եք և հարստացրել եք ձեր գիտելիքները ու հմտությունները երկու մեծագույն մշակույթների և կրթական համակարգերի վրա՝ հայկական և ռուսական։ Բայց ավարտելը դա վերջը չէ, այլ սկիզբն է։ Դիպլոմը որպես տեղեկատվական ազդակ ձեզ ուղեկցելու է ամբողջ կյանքի ընթացքում։ Գործատուները նայելու են ձեր դիպլոմին, որը լավագույնն է, ու դուք միշտ հպարտանալու եք, որ ավարտել եք Հայ-Ռուսական համալսարանը»,- նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը։

Իր հերթին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ ՀՌՀ-ն Հայաստանի Հանրապետության, հայ-ռուսական հումանիտար համագործակցության շրջանակներում իրապես ամենահաջողված ծրագրերից է, որտեղ իրենց ուրույն դերը ունեն այստեղ ուսումնառություն ստացած բոլոր շրջանավարտները։

«Աշխատանքի բերումով երկար տարիներ զբաղվել եմ Հայ-Ռուսական համալսարանի խնդիրներով և քանիցս եղել եմ համալսարանում, բայց այս դերակատարմամբ իսկապես ինձ համար պատիվ է ու լավ պատեհություն լինել ձեզ հետ։ Հարկ եմ համարում նշել, որ հենց Հայ-Ռուսական համալսարանն է մեծ դեր խաղացել ձեր ակադեմիական շրջափուլում՝ ապահովելով Ձեր մասնագիտական ճանապարհի ամուր հենքը, համալրելով անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով, վստահաբար նաև արժեքներով, որոնք սկիզբ կդնեն ապագա միջավայրում ձեր հստակ կողմնորոշմանը և զարգացմանը։ Ես կոչ կանեմ ձեզ շարունակել կյանքի բոլոր փուլերում իսկապես շնորհակալ լինել ձեր Ալմա-Մատերին և ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ այդ ամենը ձեզ փոխանցելու համար։ Այս համալսարանի ստեղծումն իսկապես խիստ հաջողված փորձ է որակյալ կրթության ապահովման գործում։ Համալսարանն այսօր իրավամբ ծառայում է որպես կրթական, հետազոտական և նաև մշակութային գործունեության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման լավագույն հարթակներից մեկը։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանն այս համալսարանի գործունեության կազմակերպմանը և բարելավմանը ուղղված ջանքերի և շարունակական աջակցության համար»,- իր ելույթում ասել է նա։

ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները ունեն կամք զարգացնելու Հայ-Ռուսական համալսարանը։

«Այսօր հրաշալի տոն է․ Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոն է։ Սիրելի շրջանավարտներ, այս տոնը մի քիչ տխուր է ձեզ համար։ Դուք հրաժեշտ եք տալիս համալսարանին, որում այդքան շատ բան եք տեսել։ Եվ թող բուհը, որը ձեզ տվել է գիտելիքներ, արժեքներ, ընկերություն, սեր, միշտ մնա ձեզ հետ։ Հիմա, երբ հնչում էր Ռուսաստանի Դաշնության պետական հիմնը և դահլիճը երգում էր ՌԴ հիմնը, ես զգացի, որ դուք սիրում եք Ռուսաստանը։ Եվ Ռուսաստանը սիրում է ձեզ․ հենց սա է միասնության զգացողությունը։ Կյանքի ընթացքում Ձեզ միշտ ուղեկցելու է այս մրցակցային առավելությունը՝ ռուսական և հայկական կրթությունները։ Պատահական չէ, որ այսօր այս արարողությանը եկել են երկու փոխնախարարները։ Մեր գալով, մեր խոսքերով մենք ցանկացանք ցույց տալ, թե որքան կարևոր է մեզ համար Հայ-Ռուսական համալսարանը, որքան ենք հարգում ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին։ Թող բոլորը նախանձեն ՀՌՀ-ի շրջանավարտներին, քանի որ ձեզ իսկապես սպասում են աշխատաշուկայում, շատերն արդեն գտել են իրենց մասնագիտության մեջ։ Եվս մեկ անգամ շնորհավոր»,- նշել է նա՝ իր ելույթն ավարտելով հայերենով, ինչն արժանացել է բուռն ծափահարությունների դահլիճում։

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի շնորհավորական ուղերձն ընթերցել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության առաջին քարտուղար Մարիա Կորոտինան։

«Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի բաղձալի դիպլոմները ստանալու կապակցությամբ: Ուսումնառության ընթացքում դուք անցել եք իմացության երկար ճանապարհ, որը լի էր ստեղծարարությամբ և հետաքրքիր բացահայտումներով: Մաղթում եմ, որ չբավարարվեք ձեռք բերածով, շարունակեք կատարելագործվել կյանքի ընթացքում՝ անկախ ձեր գործունեության բնագավառից: Ինչ ճանապարհ էլ, որ ընտրեք, միշտ եղեք նպատակասլաց և ջանասեր, հավատացեք ձեր ուժերին և կարողություններին, մի վախեցեք դժվարություններից, նոր բարձունքներ նվաճեք, երազեք և ի կատար ածեք ձեր երազանքները։ Հուսով եմ, որ ստացած գիտելիքները և հմտությունները կօգնեն ձեզնից յուրաքանչյուրին ոչ միայն հաջող կարիերա կառուցել ձեր ընտրած մասնագիտությունում, այլև արժանի ներդրում ունենալ ձեր երկրի ապագայի մեջ։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և շարունակական հաջողություններ»,- նշված էր ՀՀ-ում ՌԴ դեսպանի շնորհավորական ուղերձում։

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ավարտից հետո ՀՌՀ-ի բակում շրջանավարտների համար իրենց համերգային ծրագրերով են հանդես եկել «AM Project» բենդը և «Apostol» դիդջեյը։

  • Կիսվել: