երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրդեհից զոհված զինծառայողի ծնողը հայտնում է՝ տղան 00։30 խոսել է ընկերուհու հետ, իսկ հրդեհի ժամ նշվում է 00։30-00։40-ը

Հրդեհից զոհված զինծառայողի ծնողը հայտնում է՝ տղան 00։30 խոսել է ընկերուհու հետ, իսկ հրդեհի ժամ նշվում է 00։30-00։40-ը

Այսօր վաղ առավոտից նախ ՊՆ-ի, ապա ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ազատ գյուղում տեղակայված կացարանի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները։ Նրանք հանդիպում էին պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ։

Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ վերջինս գա, իրենց բացատրի, որ իրենց երեխաների համար բոլոր պայմանները առկա են եղել ծառայելու համար․ «Ոնց կային, որ երեխեքը, 21-րդ դարում Հայաստանի պաշտպան զինվորը տազիկով, տաշտի մեջ ջուրը լցնի վրան, լողանա, իսկ Ալեն Սիմոնյանը իր դղյակներն է սարքում, լողանում։ Էդ երեխեքի մոտ մի անգամ գնացել, տեսե՞լ է՝ ինչ վիճակ է»։

Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով զինվորների կացարանին, ասել էր, որ այն խրճիթ չէ․ «Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են, որի հետևանքով տեղի է ունեցել այդ դեպքը»։

Մեկ այլ հարազատ էլ դիմեց դատախազին, որը իր խոսքով հերքել է զինվորների պառկած վիճակը, հարցնելով, թե արդյո՞ք դատախազը տեսել է այնտեղի մահճակալների վիճակը․ «Ոսկին որ ոսկի է 1000 աստիճանի տակ ա կորվում, իսկ երկաթն ավելի ուշ։ Բոլոր մահճակալները կամարաձև են եղել։ Եթե էդ երկաթը ծռվեր տաքությունից, մեր երեխեքը պետք է մոխիր լինեին»։

Հիշեցնենք, որ Զինդատախազությունը անդրադարձել էր կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ եղած հակասություններին՝ նշելով, որ ՆԳՆ պաշտոնյան, որ հայտնել էր, թե հրդեհված կացարանում զինծառայողների մարմինները մահճակալների վրա են եղել, հարցաքննվել է եւ իր ցուցմունքով հերքել տվյալ հայտարարությունը։

Ապա հարազատներից մեկն իր խոսքով երկրորդ հարցը ուղղեց դատախազին․ «Ո՞նց ա եղել որ երեխեքի մարմինները սաղ նորմալ էին, չեմ ասում՝ վառված չէին, բայց գլուխները գոյություն չունեին։ Ո՞վ է հրաման տվել, որ վառեն մեր երեխեքի գլուխները, ի՞նչ իրավունքով։ Մենք պահանջելու ենք, մինչև վերջ գնալու ենք, մինչև արտաշիրիմում, նմուշների կրկնակի հետազոտում արտերկրում»։

Ճշտող հարցին, թե բոլորի դեպքում միայն գլուխներն ե՞ն մոխրացել, նա պատասխանեց՝ բոլորի գլուխները։

Նա անդրադարձավ նաև հրդեհի գործով անցնող մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի ցուցմունքին՝ նշելով, որ անհասկանալի է կապիտանի վարքագիծը։ Նրա խոսքով զինվորները 10։30 քնած չեն եղել, 12։30 վառարանի կողքը նստած՝ սուրճ են խմել։

Մյուս հարազատը պատմեց Մարտունու մորգի իրավիճակից՝ նշելով, որ ոչ մի մարդ չկար՝ ո՛չ ռազմական ոստիկանությունից, ո՛չ ոստիկանությունից։

Մեկ այլ ծնող էլ նշեց, որ իր տղան 00։30-ին խոսել է իր ընկերուհու հետ․ «Ժամ են նշում՝ 00։30-00։40-ի սահմաններում է հրդեհը եղել, էդ 10 րոպեի մեջ էդ երեխեն ոնց քնեց, որ չկարողացավ զարթնել։ Կամ ձայն տվեցին, չհելան, լավ, չհելաք, մնացեք, վառվե՞ք, էդ ա՞ նշանակում։ Հատ-հատ երեխեքին կարելի էր հանել։ Գնայիք խփեիք, քաշեիք, հանեիք»։

  • Կիսվել: