ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դիրքում հրդեհից մահացած զինվորի հարազատները ճանապարհ էին փակել․ Պապիկյանը համաձայնել է լսել նրանց

Դիրքում հրդեհից մահացած զինվորի հարազատները ճանապարհ էին փակել․ Պապիկյանը համաձայնել է լսել նրանց

Նախորդ տարվա հուլիսին հրդեհից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել են Գյումրի-Երեւան ավտոճանապարհը:

Վերջիններս պահանջում են հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Նրանց խոսքով՝ այսօր Պալյան Պողոսյանը պետք է զորացրվեր: Չնայած շուրջ 7 ամիս անցել է՝ հարազատները նախաքննությունից նորություն չունեն:

Ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ չեն բացի ճանապարհը, մինչև չժամանի նախարարը: Այդուհանդերձ, կեսօրից քիչ անց նրանք բացեցին ճանապարհը՝ հայտնելով, որ պաշտպանության նախարարի հետ զրուցելու են հեռախոսով և Պապիկյանը ցանկություն է հայտնել մարտի 7-ին հանդիպել իրենց հետ:

Նշենք, որ 6 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհը խլել էր նրանց 19-ամյա որդու՝ Պալյանի կյանքը։ Պալյանը այրվածքներ էր ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Պալյանը 10 օր հիվանդանոցում է եղել, վերջին օրը գիտակցության չգալով, մահացել է:

Պալյան Պողոսյանի մահվան դեպքով նախաձեռնված քրեական գործով մինչեւ օրս մեղադրյալ չկա,  նույնիսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքները մինչեւ հիմա հայտնի չեն: Ծնողները դժգոհ են նախաքննության ընթացքից եւ պահանջում են պատկան մարմիններին հստակ ներկայացնել, թե ինչ փուլում է քրեական գործը:

  • Կիսվել: