ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հրապարակվել են Հայաստանում նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական մոնիթորինգի արդյունքները

Հրապարակվել են Հայաստանում նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական մոնիթորինգի արդյունքները

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի կողմից 2021-ից իրականացվում է Հայաստանում շրջանառվող նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական ամենամսյա մոնիթորինգ՝ հաջորդ սերնդի (երրորդ սերնդի Oxford Nanopore MinION) սեքվենավորման կիրառմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Այս աշխատանքներն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ համատեղ։ Այս ընթացքում իրականացվել է COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների 250-ից ավելի նմուշներում կորոնավիրուսի ամբողջական գենոմի վերծանում: 

Հետազոտությունների արդյունքներով՝ դեռևս 2021 թ. հունվար ամսվա դրությամբ Հայաստանում շրջանառվում էր SARS Cov-2-ի D681G տարբերակը։ Արդեն մարտ ամսին երկիր ներթափանցեց «Ալֆա» կամ բրիտանական տարբերակը, որը հունիս ամսին տեղակալվեց ավելի վտանգավոր՝ «Դելտա» տարբերակով։

Ներկայումս Հայաստանում շրջանառվում է COVID-19-ի «Օմիկրոն» տարբերակը, որն այսօր դոմինանտ շրջատիպն է մեր երկրում։ Ամենաթարմ տվյալներով՝ հայտնաբերվել է նաև «Օմիկրոնի» «BA.2» ենթատարբերակը, որն ավելի վարակիչ է և, համաձայն մի շարք հետազոտությունների, կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք:

«Այս հետազոտությունների ամենամսյա իրականացումը թույլ է տվել վերահսկել Հայաստանում COVID-19 նոր գենատարբերակների ներթափանցումը և տեղակալման դինամիկան, պարզաբանել վիրուսի գենատարբերակների ներթափանցման հնարավոր ուղիները, գնահատել մուտացիաների ազդեցությունը ՊՇՌ թեստերի ճշտության վրա, ինչպես նաև հիմք ապահովել համաճարակային միջոցառումների ճիշտ կազմակերպման և դրանց շտկման համար՝ կախված տվյալ պահին երկրում շրջանառվող տարբերակից։ Այս ծրագիրը նաև օրինակ է, թե ինչպես գիտական կազմակերպությունները կարող են աջակցել պետական կառավարման համակարգին՝ լուծելու կարևոր խնդիրներ»,- ասել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Հետազոտության շրջանակում ստացված գենոմային տվյալները համալրել են GISAID Epicov տվյալների շտեմարանը, որը SARS-CoV-2 հաջորդականությունների աշխարհի ամենամեծ պահոցն է։ Հետազոտություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բազային ծրագրի, ՀՀ գիտության կոմիտեի՝ սարքավորումների համար հատկացվող դրամաշնորհների, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ շրջափուլի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանում իրականացվող «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագրի և Seeding Labs «Instrumental Access» սարքավորումների 2017 և 2019 թթ-ի դրամաշնորհների աջակցության շրջանակներում, առավելապես երիտասարդ գիտնականների ջանքերով։

Նմուշները և սեքվենավորման նյութերի մի մասը տրամադրել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

  • Կիսվել: