հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը պետք է մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմքում լինեն. Ավանեսյան

Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը պետք է մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմքում լինեն. Ավանեսյան

«Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը պետք է լինեն ոչ միայն աղետների պատրաստվածության և արտակարգ իրավիճակների արձագանքման մեր անբաժանելի մասը, այլև դրանք պետք է մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմքում լինեն»,- Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային համաժողովի բացմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, համաժողովին մասնակցելու համար աշխարհի 19 երկրից Երևան են ժամանել ոլորտի փորձառու մասնագետներ:

Անդրադառնալով 1988 թվականին Հայաստանին պատուհասած երկրաշարժին` նախարարը հատկանշել է այդ օրերին Հայաստան հասած մասնագետների փորձը, նոր տեխնոլոգիաները, նոր դեղամիջոցներն ու նոր համակարգային մոտեցումներն ու ընդգծել, որ դրանք մեծ ազդեցություն են ունեցել մեր երկրի առողջապահական համակարգի, մասնավորապես՝ հոգեբուժական առողջության հետագա զարգացման վրա:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է 40-ից ավելի կազմակերպությունների «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որոնց անդամների միջև կնքվել է գործակցության հուշագիր: Կոալիցիայի նպատակը COVID-19 համավարակով և հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված` մարտահրավերներին դիմակայելն է և հոգեկան առողջության ծառայություններն առողջության առաջնային պահպանման օղակում ինտեգրելը:

  • Կիսվել: