հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հոգեբուժարաններում և սոցիալական խնամքի հաստատություններում բուժում և խնամք ստացող անգործունակ անձիք հիմնականում անտեսված են նաև խնամակալների կողմից․ Արման Թաթոյան

Հոգեբուժարաններում և սոցիալական խնամքի հաստատություններում բուժում և խնամք ստացող անգործունակ անձիք հիմնականում անտեսված են նաև խնամակալների կողմից․ Արման Թաթոյան

Ցավոք, հոգեբուժարաններում և սոցիալական խնամքի հաստատություններում բուժում և խնամք ստացող անգործունակ անձիք հիմնականում անտեսված են նաև խնամակալների կողմից: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ի խոսքով՝ գործնականում խախտումները շարունակվում են․

«Օրինակ՝ Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում պահվել է 402 անձ, նրանցից ընդամենը 8-ի նկատմամբ է կիրառված եղել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց։ Մնացած 394 պացիենտի փաստաթղթերում նշված է եղել, որ նրանք գտնվում են սեփական կամարտահայտությամբ և ստանում են հոժարակամ բուժում։ Իրականում, մեր հանդիպումները պացիենտների հետ ցույց են տվել բոլորովին հակառակը. մարդիկ մշտապես հակադրվել են, նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ, բայց փաստաթղթերից ստացվում է, որ գտնվում են հոժարակամ»։

Նա նշեց, թե ուսումնասիրել են փաստաթղթերը, վեր են հանել միևնույն անձի՝ իրարից էականորեն տարբերվող ստորագրություններ։

«Սա լուրջ կասկածների տեղիք է տալիս, որ իրականում մարդիկ ստարոգրել են փաստաթղթեր՝ առանց իմանալու, թե ինչ են ստորագրում։ Սա լրջագույն մտահոգության հարց է, որ արձանագրել ենք ոչ միայն Սևանում, այլ նաև Վարդենիսի տուն-ինտերնատում։ Արձանագրել ենք դեպքեր, երբ հոգեբուժական կազմակերպություններում բաժանմունքների մուտքի դռները եղել են կողպված և դրանք բացել է միայն անձնակազմը։ Այսինքն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձիք բաժանմունքներից կարողացել են դուրս գալ միայն սահմանված ժամերի։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ նրանք այնտեղ պահվել են իրենց կամքին հակառակ», - ներկայացրեց պաշտպանը։

Նա ընդգծեց, որ խոսքը վկայում է, որ հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոժարակամ բուժումը կրել է և շարունակում է կրել ձևական բնույթ։

  • Կիսվել: