հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հնարավոր է՝ մյուս շաբաթ ասեմ, որ մենք ավելի քիչ ենք վերահսկում իրավիճակը. Թորոսյան (տեսանյութ)

Հնարավոր է՝ մյուս շաբաթ ասեմ, որ մենք ավելի քիչ ենք վերահսկում իրավիճակը. Թորոսյան (տեսանյութ)

Սահմանափակումների թուլացումը հնարավոր է՝ բերեր նման սցենարի, սակայն չթուլացնել մենք չէինք կարող, որովհետև որքան էլ որ կարևոր է համաճարակը կառավարելի պահելը, միևնույն ժամանակ կարևոր է որ երկիրը սկսի բնականոն հունով ապրել՝ պահելով կառավարելիությունը։ Այս մասին այսօր ՍԻՎԻԼՆԵԹ-ի եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այսօր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին։

Նա նշեց, որ բոլորը պետք է սովորեն ապրել այս նոր հիվանդության հետ, որը, հնարավոր է, վարակի շատ մեծ թվով մարդկանց։ Սակայն, ըստ նրա, հիվանդության մասին ամեն ինչ իմանալով՝ մենք կարող ենք վերահսկելի դարձնել այն։

Թորոսյանն ասաց, որ պիկ համարվում է այն օրը, երբ դրանից հետո լինում է ակտիվ դեպքերի նվազում։ Նա նշեց, որ մենք այդպիսի օր դեռ չենք ունեցել.  ՛՛Ես չեմ կարող կանխատեսել, թե դա երբ կլինի, բայց մեր ամենօրյա գործողությունները այդ օրը մոտեցնելուն են միտված։ Հիմա այն բոլոր երկրները, որոնք համարում էին, որ իրենք անցան իրենց պիկը՝ նվազող թվաբանությամբ, մտավախություն ունեն, որ կունենան ակտիվ դեպքերի աճ և բազմաթիվ պիկեր կլինեն՛՛:

Ըստ նախարարի՝ մեզ մոտ վարակման գործակիցը 1,4 է, այսինքն մեկ շաբաթ առաջ 1 հոգին վարակում էր 1,4 հոգու։ Կան մարզեր, որտեղ ավելի շատ է։ Դրանք հիմնականում Երևանին մոտ մարզերն են։

Նա նշեց նաև, որ ամռանը նույնպես պետք է պահենք նույն անվտանգության միջոցառումները, որպեսզի գոնե աշնանը ունենանք վերահսկելի զարգացումները, ինչը գրեթե անխուսափելի է։ Աշնանը, ըստ Թորոսյանի, ունենալու ենք հիվանդության կտրուկ աճ, եթե նույնիսկ ամռան ընթացքում հիվանդանոցներում թափուր տեղեր շատ լինեն։

«Նույնիսկ եթե յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն տանք իր ցանկության դեպքում անցնելու թեստավորում, դա միևնույնն է երաշխիք չի տալիս, որ վաղը նա չի վարակվելու այդ հիվանդությամբ։ Հետևաբար թեստավորում պետք է արվի բժշկական և համաճարակաբանական ցուցումներով»,-նշեց նա։

Թորոսյանը հավելեց. «Շատ մոտ է այն օրը, երբ մենք արդեն դրական սիմպտոմներ չունեցող պացիենտներին ուղարկելու ենք տուն, ինչը անխուսափելի է լինելու մեծ թվերի պատճառով, որովհետև պարզապես և՛ տեղ չկա, և՛ իմաստ չկա նրանց պահելու։ Հնարավոր է, որ մյուս շաբաթ ասեմ, որ մենք ավելի քիչ ենք վերահսկում իրավիճակը։ Մենք ստիպված կլինենք կենտրոնանալ միջին և միջինից ծանր հիվանդների բուժման վրա»,-  ասաց Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: